Ուշագրավ դրվագ ՀՀԿ համագումարից

  • Ներքին կյանք - 28 Նոյեմբերի 2016, 09:21

ՀՀԿ 16-րդ համագումարում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Այլ առաջարկներ կա՞ն», նախքան քվեարկությունը հարցրեց ՀՀԿ փոխնախագահ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ հայտարարեց, որ այլ առաջարկներ չկան:

«Ինչի՞ ես շտապում», նրան հանդիմանեց Սերժ Սարգսյանը: «Արդեն ասացին, որ չկա այլ թեկնածություն, պարոն նախագահ», արդարացավ Աշոտյանը:

Բաց քվեարկությամբ ՀՀԿ-ն միաձայն կողմ քվեարկեց Սերժ Սարգսյանի թեկնածությանը:

Այս դրվագն ուշագրավ է դառնում մոտ 10 տարվա վաղեմության մի իրադարձության ֆոնին: 2006-ին, ՀՀԿ ԳՄ նիստում Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀԿ խորհրդի նախագահ: Այս պաշտոնը ստեղծվեց ՀՀԿ կանոնադրության փոփոխությամբ, հետագայում տեղի ունեցած համագումարում Սերժ Սարգսյանը դարձավ այդ նոր, հիմնականում օդիոզ դեմքերից կազմված կառույցի նախագահ, որոնց ինքն էր մտցրել ՀՀԿ: Իսկ կուսակցության նախագահն այն ժամանակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էր:

Դա իշխանության «անցման» շրջանն էր, երբ ներիշխանական սուր պայքար էր սկսվել նոր իշխանության ձեւավորման համար: Ռոբերտ Քոչարյանը ստեղծում էր ԲՀԿ-ն՝ խորհրդարանում նոր մեծամասնություն ձեւավորելու համար, որն էլ պետք է դառնար նոր իշխանության հիմքը: Իսկ Սարգսյանը փորձում էր ՀՀԿ-ի միջոցով անցնել իշխանության:

Ըստ հայկական ԶԼՄ-ների, ՀՀԿ ԳՄ այդ նիստում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը պետք է առաջադրեր Հովիկ Աբրահամյանի թեկնածությունը, ինչն այդպես էլ տեղի չունեցավ: Հետագայում նրա դեմ տեղի ունեցավ մահափորձ, բայց նա փրկվեց ծանր վնասվածքներով:

Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ բացահայտ ակնարկում էր իր վարչապետական հավակնությունների մասին, ինչը պատճառ էր դարձել նրա եւ Անդրանիկ Մարգարյանի միջեւ հակադրությանը:

Ներկայում էլ իշխանության անցման շրջան է, ընդ որում՝ կառավարման կարգի արմատական փոփոխության պայմաններում: Իշխանական խմբավորումների միջեւ կրկին բավական սուր պայքար է ընթանում նոր իշխանությունում դիրքերն ու ազդեցությունը պահպանելու համար:

Ահա այս ֆոնին, շաբաթ օրը ՀՀԿ համագումարում տեղի ունեցածը հետաքրքիր երանգներ է ստանում: Անդրանիկ Մարգարյանի որդին առաջադրում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը, իսկ Աշոտյանը հապճեպ հայտարարում է, թե այլ թեկնածություններ չկան:

Ամենաընթերցվածը