Առաջին մեծ հիասթափությունը. «Ոհմակը» վատ վարվեց Կարեն Կարապետյանի հետ

  • Ներքին կյանք - 27 Նոյեմբերի 2016, 13:14
«Ոչ, չեմ կիսում այն թալանը: Ես անպայման ձեր հետ կհանդիպեմ, կխոսեմ», ՀՀԿ համագումարից առաջ վրդովված ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կիսելով ՀՀԿ գաղափարախոսությունը՝ նշանակում է, որ ինքը կիսում է նաև տեղի ունեցած թալանի պատասխանատվությունը:

Համագումարից առաջ Կարեն Կարապետյանը դիմում էր գրել ՀՀԿ անդամակցելու մասին, որը հրապարակել էր ՀՀԿ ԳՄ անդամ Արմեն Աշոտյանը: «Գլխավոր քաղաքական ինտրիգներից մեկի իրեղեն ապացույցը: Բարի գալուստ ՀՀԿ, պարոն վարչապետ», Ֆեյսբուքի իր էջում գրել էր Աշոտյանը եւ հրապարակել դիմումի լուսանկարը:

«Ծանոթացել եմ ՀՀԿ ծրագրին եւ կանոնադրությանը, որի հետ լիովին համաձայն եմ: Համամիտ եմ կուսակցության վարած քաղաքականությանը եւ խնդրում եմ ինձ ընդունել կուսակցության շարքերը», գրված է դիմումում:

Իհարկե, սա ստանդարտ տեքստ է, որը գրում են ՀՀԿ-ին անդամակցողները՝ գազալցակայանի աշխատակցից մինչեւ նախագահ: Եվ բնական է, որ եթե որեւէ մեկը ծանոթ չէ ծրագրին ու չի կիսում կուսակցության քաղաքականությունը, նա չի կարող անդամակցել դրան:

Բնական է նաեւ, որ իշխող կուսակցության նշանակած վարչապետը, առավել եւս նոր Սահմանադրության պայմաններում, պետք է ներկայացնի այդ կուսակցությունը, անդամակցի դրան: Եվ այս առումով, հանրային տարբեր շերտերի հիասթափությունը քիչ ինչ անհասկանալի է:

Սակայն Կարեն Կարապետյանի պարագայում կա մի նրբություն: Բանն այն է, որ նրա հռչակած համակարգային փոփոխությունների կուրսը, նրա փիառով զբաղվողների ներկայացրած «տեսլականը» լիովին հակառակ են ՀՀԿ-ի վարած քաղաքականությանը: Այսինքն, ինչպես կարելի է «համամիտ լինելով ՀՀԿ-ի վարած քաղաքականությանը», կատարել համակարգային բարեփոխումներ:

ՀՀԿ-ի վարած քաղաքականության արդյունքը բոլորիս աչքի առջեւ է, եւ կրկնելու կարիք չկա: Նրա բազան եւ վերնաշենքը համակարգային կոռուպցիան է, իշխանության, պետական լծակների յուրացումը: Համակարգային փոփոխությունները հանրային-պետական խնդիրների ու շահերի տեսանկյունից նշանակում է նախեւառաջ ՀՀԿ-ի հեռացումն իշխանությունից ու պետական կառավարումից: Քրեա-օլիգարխիկ համակարգի տեսանկյունից դա նշանակում է ՀՀԿ-ի արմատական վերափոխումը, կամ ինչպես Սերժ Սարգսյանն էր ասել՝ նրան «նոր ոգի հաղորդելը»:

Դեռ հարց է, թե նոր ոգու տակ ինչ նկատի ունի Սարգսյանը, այնուամենայնիվ, դա չէր կարող չառաջացնել ՀՀԿ-ի, կամ դրանում որոշակի խմբավորումների դիմադրությունը, քանի որ անգամ նոր ոգու թեթեւ քամին կարող է քշել շատ-շատերին: Իսկ ՀՀԿ-ն արդեն ապացուցել է, որ հանուն իր դիրքերի պատրաստ է զիջել անգամ երկրի ինքնիշխանությունը, ինչը տեղի է ունենում վերջին տարիներին գրեթե բոլոր ոլորտներում:

Հետաքրքիր է, ինչու է Աշոտյանը հրապարակել վարչապետի դիմումը, որից կուսակցությունում կա առնվազն 150 հազար հատ, արդյոք համաձայնեցրել է որեւէ մեկի հետ: Ընդ որում, հրապարակել է որպես «իրեղեն ապացույց»: Ինչի՞ իրեղեն ապացույց՝ որ ՀՀԿ-ն «կերա՞վ» վարչապետին, եւ որեւէ փոփոխություն չի լինելու, թե՞ որ սկսվել է համակարգի ներքին տրանսֆորմացիան:

Ամենաընթերցվածը