Վիգեն Սարգսյանը զոհերի մահվան հանգամանքների քննության մասին

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 17:57
“80-ակաների զենքի մասին խոսելն արհեստական է, բազմիցս բացատրվել է, թե ինչ իմաստ կար այդ խոսքի տակ: Իհարկե, բազմաթիվ զենքեր կան, որ մենք ժառանգել ենք ԽՍՀՄ-ից, բայց կարծում եմ սեպտեմբերի 21-ի զորահանդեսը ամենալավ պատասխանն էր նրա, որ 80-ականներ զենք ասելով՝ մենք նկատի չենք ունեցել մեր ողջ զինանոցը”,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ աշխատանք է տարվում ռազմարդյունաբերության զարգացման ուղղությամբ, արդեն այսօր մեր զինված ուժերում օգտագործվում են տեղական արտադրության զինատեսակներ:

Հարցին, թե ապրիլյան պատերազմի զոհերի մասով քննություն տարվելո՞ւ է՝ մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու համար, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ մշտական գործառույթ է, և ցանկացած մահվան դեպք ամբողջական ուսումնասիրության է ենթարկվում: Բացի այդ, այդ հարցով զբաղվում են իրավապահները՝ Քննչական կոմիտեն:

“Բացարձակ անընդունելի եմ համարում այդ թեմայով չհիմնավորված շահարկումները, որովհետև այս օրերին առիթ եմ ունեցել տեսնելու այդպիսինները: Դրանք բացարձակ չեն օգնում ոչ դեպքերի բացահայտմանը, ոչ էլ ընդհանրապես պաշտպանության գործի կազմակերպման հարցում: Այն մարդիկ, որոնք փորձում են այդ թեմայով փորձագիտական եզրակացություն տալ, ցավով եմ նշում, որ շատ հեռու են խորապես հասկանալուց, թե ինչ են գրում իրենց զեկույցներում: Եվ աչքաչափով գնահատել ընդհանուր զոհվածների թվում տեղեկացված-չտեղեկացվածների քանակը, կարծում եմ, որ առնվազն խորքային մոտեցում չէ”,- ասաց նախարարը: