«1000 դրամի» նախագծում փոփոխություններ կարվեն. Նախարար

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 17:37
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ «1000 դրամի» նախագծում փոփոխություններ կարվեն, բայց պարտադիր բաղադրիչը կմնա:

«Ինչ վերաբերում է փոփոխություններին, իհարկե, մենք դրա համար էլ անցկացնում ենք քննարկումների փուլը, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում օրենսդրական նախաձեռնությունը որոշակի փոփոխություններ կրի: Բայց պետք է ի սկզբանե ասեմ, որ պարտադիր բաղադրիչը չի հանվելու օրենքի նախագծից: Դա այդ օրենքի առանցքային հիմքն է, և խմբագրելով դա՝ խմբագրած կլինեինք օրենքի բուն էությունը», ասաց Վիգեն Սարգսյանը:

Հարցին, թե հայտարարվել է, որ ով ցանկանա, կարող է դիմում գրել ու հրաժարվել այդ վճարից, այդ նորմը սահմանվելո՞ւ է օրենքում, նախարարը հստակ չպատասխանեց: Նա միայն ասաց, որ այդ հարցը կհստակեցնեն երկրորդ և երրորդ ընթերցման ժամանակ:

Նա նաև ասաց, որ համամիտ չէ, թե նախագիծը լայն քննադատության է արժանացել:

«Ես չեմ կիսում ձեր գնահատականը, որ եղել է լայն քննադատություն պարզ պատճառով, որովհետև քաղաքական դաշտում քննադատությունը գնահատվում է վերջնական քվեարկության արդյունքով: Մենք ունենք օրենք, որն ընդունված է շատ ավելի մեծ կողմ թվերով, քան բազմաթիվ այլ օրենքներ, որոնք ընդունվել են վերջին տարիներին: 102 կողմ ձայնը դա շատ լայն աջակցության քվե է», նշեց Վիգեն Սարգսյանը:


Ամենաընթերցվածը