Վիգեն Սարգսյանը լիարժեք օգտագործելու է նժդեհականությունը

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 17:27
“Շատ մեծ պատիվ է, որ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո ստացա իմ համակուսակցական ընկերների վստահության քվեն և ընտրվեցի կուսակցության գործադիր մարմնում: Դա դիտում եմ որպես վստահության քվե և պատասխանատվություն”,- ՀՀԿ համագումարից հետո լրագողներին ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Լրագրողների հարցին, թե ինչո՞ւ հենց այս փուլում որոշեց անդամակցել ՀՀԿ-ին, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ ինքը զբաղեցրել է հանրապետության բարձրագույն հայեցողական պաշտոնը՝ նախագահի աշխակազմի ղեկավարի պաշտոնը և միշտ ունեցել է սերտ փոխգործակցություն իշխող կուսակցության հետ:

“Դրա հետ մեկտեղ, մեծ ու խորը տարբերություն կա հայեցողական ու քաղաքական պաշտոնի միջև: Նախարարի պաշտոնը դա քաղաքական պաշտոն է, դու չես գալիս նախարարությունը ղեկավարելու՝ որպես անհատ: Դուք գալիս ես՝ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, և այդ առումով ես գտա, որ անտրամաբանական կլինի, ղեկավարելով հանրապետության ամենակարևոր նախարարություններից մեկը, ես չֆիքսեմ և չհստակեցնեմ իմ հարաբերությունը ՀՀԿ-ի հետ: Ինչ վերաբերում է նրան, թե արդյոք կառավարության անդամ լինելն է պատճառը կուսակցական դառնալու, ես կարծում եմ շատ ավելի կարևոր հանգամանք է Սահմանադրության բարեփոխումների արդյունքում ձևավորվող նոր քաղաքական մշակույթը, որին ես որոշեցի այդպես առաջ գնալ և կուսակցական պատկանելությամբ ընդգծել դրա կարևորությունը”,- ասաց նա:

Վիգեն Սարգսյանը նշեց, որ երբ դու դառնում ես որևէ մեծամասնության կողմից սատարում ստացող նախարար, դու պետք է շատ ազնիվ լինես՝ հասկանալու համար, որ դու այդ կուսակցության հենքով ես իրականացնում քո քաղաքականությունը:

Հարցին, թե անդամակցելով ՀՀԿ-ին՝ զինված ուժերը կաշկանդում է, Վիգեն Սարգսյանը պատասխանեց, որ բացարձակ չի կարծում, թե դրանում կա որևէ հակասություն:

“Մեր օրենսդրությունը շատ հստակ դա կանոնակարգում է: Մեզ մոտ հստակ նշված են այն պաշտոնները, որտեղ օրենսդիրի կարծիքով՝ քաղաքական գործունեությունը, կուսակցականացումը կարող է խանգարել գործառույթի լիարժեք իրականացմանը: Զինված ուժերում, օրինակ, հնարավոր չէ ակտիվ կուսակցական գործունեությունը սպայական ծառայությանը զուգընթաց: Բայց պաշտպանության նախարարը դա քաղաքական պաշտոն է, ես զինվորական կոչումով ավագ լեյտենանտ եմ, պահեստազորի սպա եմ, հետևաբար, քաղաքական գործունեությունը ոչ միայն ինձ չի խանգարում, այլ ընդհակառակը, օգնում է: Ես այդ գործունեության միջոցով կարողանում եմ իմ իրականացրած քաղաքականությունը համադրել երկրի ընդհանուր քաղաքական ուղղության հետ”,- ասաց նա:

Նա նշեց, որ լիարժեք օգտագործելու է նժդեհականության գաղափարի այն կետերը, որոնք անհրաժեշտ են կուռ բանակ կառուցելու համար:

Ամենաընթերցվածը