ՀՀԿ-ն համագումարի արդյունքներով ընդունեց բանաձեւ

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 16:58

Հայաստանի հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում ընդունվեց կուսակցության բանաձեւը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` բանաձեւը ներկայացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«ՀՀԿ-ն շարունակում է հետեւողական աշխատանքով, քայլ առ քայլ ամրապնդել կուսակցական բարդ եւ բազմաշերտ համակարգը: Շարունակական ջանքեր եՍ ներդրվում կուսակցական մեխանիզմի արդյունավետության բարձրացման եւ արդիականացման ուղղությամբ», ներկայացնելով բանաձեւն՝ ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ  ավելացել է կուսակցության սկզբնական կազմակերպությունների քանակը, ընդարձակվել են կուսակցության  կապերն արտաքին աշխարհում, հիմնադրվել է եւ իր գործունեությունն է սկսել Անդրանիկ Մարգարյանի անունը կրող Հայաստանում առաջին կուսակցական-քաղաքական դպրոցը:

ՀՀԿ փոխնախագահի խոսքով` 2016-2018 թվականները լինելու են խիստ կարեւոր ՀՀ սահմանադրության անցումային դրույթները արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Հանրապետականը պատրաստ է հստակ առաքելություն ստանձնել այս անցումային շրջանում, որպեսզի այն լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնցում:

«Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են լրջորեն մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ազդակները  եւ չթողնել, որ դրանք վատթարացնեն մարդկանց եւ ընտանիքների կյանքը: Վերանայելով մեր առաջնահերթությունները, սահմանափակելով ծախսերն ու ընդունելով պահպանողական բյուջե՝ կարողացել ենք արդյունավետ դիմագրավել  մարտահրավերներին, բարձրացնել տնտեսության մրցունակությունը, մեծացնել արտահանումը, հիմք դնել տնտեսական կայուն աճին», ասաց նա:

Արմեն Աշոտյանը հիշեցրեց, որ Հայաստանը միջազգային հարաբերություններում շարունակում է հանդես գալ որպես պատասխանատու, հավասարակշռված, կանխատեսելի եւ վստահելի երկիր:

«Մեր արտաքին քաղաքականութան նպատակն ու միջազգային հարաբերություններում մեր ներգրավվածության բանաձեւը մեր գործընկերների հետ հարաբերությունների զարգացումն ու խորացումն է, աշխարհում Հայաստանի բարեկամների թվի ավելացումը», ասաց նա՝ հավելելով, որ կուսակցության դիրքորոշումն անփոփոխ է. ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն Արցախի ժողովրդի ազատ ինքնորոշմամբ:

«Այսoր ՀՀ ԶՈՒ ռազմատեխնիկական տեխնոլոգիական եւ կադրային արդիականացման միջոցով մենք ձեւավորում ենք ժամանակակից բանակ: Վերջին շրջանում արդեն իսկ լրջորեն փոխվել է մեր բանակի դիմագիծն ու զինանոցը: Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար մենք ոչինչ չենք խնայելու: Մեր համընդհանուր նպատակադրումը հստակ է. Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացում եւ առաջ գնացող Հայաստանի շուրջ  համայն հայության միավորում», ասաց Աշոտյանը:

Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցությունը  համագործակցության համար բաց է բոլոր շահագրգիռ ու հայրենասեր ուժերի եւ անհատների համար եւ պատրաստ է աշխատել յուրաքանչյուրի հետ, ով ցանկանում է քարը դնել քարի վրա` մեր ընդհանուր տունը շենացնելու համար:

«Համախմբելով մեր ժողովրդի մարդկային ներուժը եւ ինտելեկտուալ կարողությունները՝ մենք միասին ենք հաղթահարելու առկա դժվարությունները, որպեսզի հաղթեն հայն ու Հայաստանը: Հայաստանը հաղթելու է», խոսքն ավարտեց Արմեն Աշոտյանը:

Ամենաընթերցվածը