Խորհրդարանական ընտրություններին գնում ենք եղածը պահպանելու և վստահությունն ամրապնդելու նպատակով. Շարմազանով

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 16:20
Հանրապետական կուսակցության 16-րդ համագումարում հաստատված ծրագրային փոփոխությունները վերահաստատեցին, որ ՀՀԿ-ն ազգային պահպանողական է, բարեփոխումների կողմնակից է և դրանց միջոցով շարունակելու է հանրային կյանքի բոլոր ոլորտներում նոր ծրագրերը: Այդ մասին ՀՀԿ 16-րդ համագումարից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:  

«Մենք ևս մեկ անգամ հաստատեցինք կուսակցաշինության կարևորությունը, իսկ Նախագահը հստակ նշեց, որ պետք է վեր հանենք թերությունները, ավելի պատասխանատու լինենք: Այդ առումով, մենք պատրաստ ենք բարելավել մեր աշխատանքները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Շարմազանովը:  

Նրա խոսքով` վերջին ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին, որ խնդիրներով, թերություններով հանդերձ ՀՀԿ-ն շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի առանցքային և ազդեցիկ դերակատարը: «Խորհրդարանական  ընտրություններին ընդառաջ` մենք գնում ենք եղածը պահպանելու և վստահությունն ամրապնդելու նպատակով: Մենք մեծ տեղ ենք հատկացնելու միջկուսակցական արտաքին կապերի զարգացմանը` «Եդինայա Ռոսիա»-ի, մեր եվրոպացի և չին գործընկերների հետ»,- ասաց ՀՀԿ խոսնակը:

Անդադառնալով համագումարում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ Նախագահի ելույթին` Շարմազանովը շեշտեց ՀՀ Նախագահի խոսքը, ըստ որի` «մեր նպատակը Բաքուն գրավելը չէ, մեր նպատակը խնդրի խաղաղ կարգավորումն է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի շրջանակում, ԼՂ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ»: