Ձեզանից էլ եթե ինչ-որ տղամարդ կնեղանա, նրան ընդհանրապես չընդունեք. Գագիկ Բեգլարյան

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 14:58
«Նեղանալը տղամարդու համար չէ: Ձեզանից էլ եթե ինչ-որ տղամարդ կնեղանա, նրան ընդհանրապես չընդունեք»,- այսօր ՀՀԿ համագումարից առաջ լրագրողներին ասաց ՀՀԿ անդամ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ինքը նեղացած է Սերժ Սարգսյանից:

Լրագրողները նշեցին, որ տպավորություն է, թե իշխանություններն առաջինը ազատվեցին այն անձանցից, ովքեր ընտրությունների ժամանակ ձայներ էին ապահովում ՀՀԿ-ի համար, չգնահատեցին նրանց: «Ժողովուրդ ջան, ինչո՞ւ եք միշտ էդ ձև վատ ձևակերպում: Ազատվում… Երբ որ մարդիկ աշխատանքից դուրս են գալիս, դա չի նշանակում նրանցից ազատվում են: Փոխարինվում են մարդիկ, նրանց աշխատանքներին մենք բոլորս ոգևորված կհետևենք, թող հաջողության հասնեն»,- պատասխանեց Բեգլարյանը:

Նա նշեց, որ այս փուլում հանգստանում է, ոչնչով չի զբաղվում: «Առայժմ ընենց լավ հանգստանում եմ, թոոռնիկիս հետ, տանը»:

Հարցին, թե իրեն չգնահատված չի՞ զգում, նա պատասխանեց՝ ոչ:
Լրագրողները նաւ հետաքրքրվեցին՝ գալիք ընտրություններում Գագիկ Բեգլարյանը նույն եռանդո՞վ է աշխատելու ՀՀԿ-ի համար: «Ժողովուրդ ջան, մենք բոլորս քաղաքականության մեջ ենք: Եթե ես նույն եռանդով չպիտի աշխատեի, ի՞նչ է նշանակում, որ մենք ամեն անգամ աշխատում ենք աշխատանքի տեղավորվելու համա՞ր»,- պատասխանեց նա: Բեգլարյանն ասաց, որ նոր պաշտոնի ակնկալիք չունի, եթե նոր պաշտոնի առաջարկներ լինեն, լրագրողներին կտեղեկացնի: