Բանանի ներկրման հետ կապ չունեմ. Միհրան Պողոսյան

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 14:29
«Հատուկ քննչական ծառայությունը, եթե չեմ սխալվում, մոտ վեց ամիս է քննություն է անում: Քննությունը շարունակվում է, կարծում եմ՝ մոտ ժամանականերս կհրապարակվեն դրանց արդյունքները»,- այսօր լրագրողներին ասաց ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը՝ անդրադառնալով օֆշորային սկանդալին, որի հետ իր անունն է կապվում:

Պողոսյանը մասնակցում է ՀՀԿ համագումարին: Նա նշեց, որ այս փուլում հանգստանում է: «Տասը տարի աշխատելուց հետո, բավական լուրջ ու ծանր, դուք ականատես եք եղեք… Եվ այդ ամենից հետո ես ուղղակի հանգստանում եմ և ձեզ ասեմ՝ վայելում եմ կյանքը, որովհետև ես չգիտեի, որ կյանքում կարելի է նաև հանգստանալ: Ես առավոտ շուտ վեր էի կենում և մինչև ուշ աշխատում: Հիմա ամբողջությամբ վայելում եմ կյանքը»,- ասաց նա:

Լրագրողները Միհրան Պողոսյանին հարց ուղղեցին նաև բանանի շուկայում իր ունեցած մենաշնորհի մասին: Տեղեկություններին, որ իր կողմնակիցներն են խոչընդոտել բանան ներկրող գործարարներից մեկին, Միհրան Պողոսյանը պատասխանեց. «Ես բազմիցս ասել եմ՝ պետք է հարցերը ճիշտ ուղղել հասցեատիրոջը: Ես ձեզ չեմ հասկանում, ինչքա՞ն կարելի է մի հարցը տալ ու պատասխանը ստանալ նույն կերպ: Պետք է ճիշտ հասցեատիրոջն ուղղեք հարցը»:

Հարցին, թե ո՞վ է ճիշտ հասցեատերը, նա ասաց՝ «Քեթրին գրուպը»:  «Եվ էլի կազմակերպություններ կան, ինչքան գիտեմ, չորսն են: Իմ անունը սխալ է նշված: Ես հերքում եմ, բանանի ներկրման հետ կապ չունեմ: Բացարձակ կապ չունեմ «Քեթրին գրուպի» հետ: Ժամանակին ստեղծել եմ, տեսնո՞ւմ եք ինչ հաջողակ է եղել: Քսան տարի առաջ ստեղծել եմ, մինչև հիմա ասում են»,- նշեց նա:

Միհրան Պողոսյանը նաև չհերքեց, որ հնարավոր է ռեյտինգային քվեարկության կարգով առաջադրվի առաջիկա խորհրդարանական ընտրություններում:

Ամենաընթերցվածը