Արփինե Հովհաննիսյանը պահպանեց 2018-ի գլխավոր ինտրիգը

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 13:53
«Հանրապետության նախագահը հստակորեն արձանագրեց, որ ՀՀԿ-ն վճռական է սատարելու վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարությանը: Երկրորդը, հստակ սահմանեց, որ եթե մեր կուսակցությունը հաջողություններ արձանագրի 2017 թվականի պառլամենտական ընտրություններում, ապա մեր վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Սամվել Նիկոյանը:

Նա նշեց, որ սա կարևոր ուղերձ է, որպեսզի հանրության մեջ կամ մումուլում չմնա տեսակետ, թե Կարեն Կարապետյանը վեց ամսվա վարչապետ է:

«Սրանով մենք ասում ենք՝ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀԿ-ի հարաբերությունները միտված են ապագային, և դա լինելու է շարունակական, հատկապես այն փաստից հետո, որ Կարեն Կարապետյանն այլևս ՀՀԿ-ական է»,- ասաց Նիկոյանը:

Այս խնդրին անդրադարձավ նաև Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը: Նա լրագրողների հետ ճեպազրույցում նշեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունը իրավական տեսանկյունից որևէ խնդրահարույց կողմ չունի:

«Հանրապետության նախագահն ընդամենն ասաց, որ ՀՀԿ վարչապետի թեկնածուն լինելու է Կարեն Կարապետյանը, եթե 2017 թվականի ապրիլին սպասվելիք խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հնարավորություն ունենա հաջողությունների հասնել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հարցին, թե 2018 թվականից հետո իրավական տեսանկյունից սահմանափակում կա՞, որ դարձյալ Կարեն Կարապետյանը լինի վարչապետի թեկնածուն, նա պատասխանեց, որ սահմանափակումների մասին չէ խոսքը:

«2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ենթադրյալ մեծամասնությանը հնարավորություն է ընձեռնվում ձևավորել կառավարություն և համապատասխանաբար վարչապետի իր թեկնածուին: 2018 թվականի ապրիլից հետո մենք Սահմանադրությամբ ունենալու ենք նոր իրողություններ՝ գործող նախագահի լիզորությունների ժամկետի ավարտ, հետևաբար պառլամենտական հանրապետության բոլոր դրսևորումներն իրենց ողջ ներկապնակով: Իսկ սա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում խորհրդարանական մեծամասնությունը ով էլ լինի, ինչպիսի ներկայացվածություն էլ ունենա, կրկին անգամ ձևավորելու է իր կառավարությունը: Բայց դա այլևս կապ չի ունենալու այն թեզի հետ, որն առաջ է քաշել հանրապետության նախագահը», ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Ամենաընթերցվածը