Սերժ Սարգսյանն ասել է, թե ինչ արեց արտաքին պարտքը

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 12:55
Ներքին հնարավորություն կերտելն ու տնտեսական ներուժ ստեղծելը գին ուներ, մենք մեծացրինք արտաքին պարտքը, ՀՀԿ համագումարում հայտարարել է Սերժ Սարգսյանը, նշելով, թե Հայաստանը կարողացավ արտաքին անբարենպաստ տնտեսական զարգացումների բացասական հետեւանքը հաղթահարել ներքին հնարավորությունների շնորհիվ։ Ըստ նրա, դրա շնորհիվ 2010 թվականին աղքատության 35 տոկոս ցուցանիշը 2016-ին հասցվեց 29 տոկոսի։

Ըստ նրա, արտաքին պարտքը նախ կատարեց իր հիմնական նպատակը` տնտեսությունը դիմագրավեց ֆինանսական անբարենպաստ վիճակին, եւ երկրորդ` ներդրվեց այդ պարտքը այնպիսի հեռահար ծրագրերում, ինչպիսին Հյուսիս-հարավ ավտոճանապարհն ու երկրի անվտանգությունը; Այն չի վատնվել աննպատակ ծախսերի վրա։

«Այլեւս անցյալ է պարզապես դրսի օգնությանն ու վարկային միջոցներին ապավինելու քաղաքականությունը», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Ուժեղ Հայաստան, ահա մեր ազգային գաղափարը, որ կարող ենք անվանել ազգային երազանք եւ միավորող գաղափար, ասում է Սարգսյանը։ Նրա խոսքով, մեր երկրում հասարակական համաձայնությունը պետք է կառուցվի հենց այդ գաղափարի շուրջ։ Սարգսյանը հայտարարել է, որ մշտապես ձգտել ենք իրար կապել հյուսիսն ու հարավը, կամուրջ լինել արեւմուտքի եւ արեւելքի միջեւ, կղզիանալը երբեք չի եղել մեր նպատակը։

Սարգսյանը հայտարարել է Վրաստանի եւ Իրանի հետ հարաբերությունը զարգացնելու պատրաստակամությունը, ԵՏՄ ինտեգրացիան խորացնելու, նաեւ Եվրամիության հետ հարաբերությունը խորացնելու ձգտումը։

«Մենք այլ ընտրություն չունենք, քան գերազանցության ձգտելը»։ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մրցակիցների հանդեպ մեկ-երկու կետով առաջ լինելը թույլ չի տա արդյունավետ զարգանալ։ Նրա խոսքով, պետք է անգերազանցելի առաջ լինել մրցակցային այն ոլորտներում, որոնցում Հայաստանը կախված չէ իր անբարյացակամ հարեւաններից` Թուրքիայից ու Ադրբեջանից, նրանց բերած տնտեսական շրջափակումից։

Նրա խոսքով, մրցակիցների հանդեպ այդ ոլորտում առավելությունը պետք է լինի ոչ թե հարաբերական, այլ բացարձակ, Հայաստանը մրցունակ պետք է լինի տարածաշրջանի մակարդակով։ Նրա խոսքով, այդ հարցերը չեն կարող լուծվել մեկուսացվածությամբ։

«Հաջողությամբ իրականացված յուրաքանչյուր բարեփոխում բերելու է հաջողություն մյուս բնագավառներում։ Հայկականը պետք է լինի լավագույնի հոմանիշ», հայտարարել է Սարգսյանը։

Միջազգային հարաբերություններում Հայաստանը պետք է լինի կանխատեսելի եւ կառուցողական գործընկեր, հայտարարել է Սերժ Սարգսյանը։ «Միջպետական հարաբերություններում երկրի շուրջ նման օրակարգ ձեւավորելը պահանջում է նպատակաուղղված եւ հետեւողական աշխատանք։ Կարծում եմ, որ շատ ավելի ջանք է պահանջում այն պահպանելն ու ամրապնդելը։ Նամանավանդ բոլոր այն դժվարությունների եւ մարտահրավերների պայմաններում, որոնք այսօր ցնցում են տարածաշրջանն ու ողջ աշխարհը», հայտարարել է նա։

Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակը Հայաստանում գործընկերների, բարեկամների ընդլայնումն է։ Նա հայտարարել է Ռուսաստանի հետ հարաբերությունը խորացնելու շարունակվող քաղաքականության մասին։

«ԱՄՆ նոր վարչակարգի օրոք աշխատելու ենք նոր խթան հաղորդել ԱՄՆ հետ մեր բարեկամական գործընկերությանը», հայտարարել է Սարգսյանը եւ նշել, որ շարունակելու են խորացնել հարաբերությունը եվրոպական երկրների հետ, «հիմնվելով մեր ընդհանուր քաղաքակրթական արժեհամակարգի վրա»։

«ԵՏՄ անդամակցությամբ առավել լայն հնարավորություններ բացվեցին մեր տնտեսության զարգացման համար, եւ այդ առումով պետք է լիարժեք օգտագործենք այդ հնարավորությունները», հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով, Հայաստանը հույս ունի առաջիկայում ստորագրել նաեւ ԵՄ հետ հարաբերության նոր համաձայնագիրը։