«Շատ լավ գնահատում ենք, թե ինչ անդառնալի կորուստ կարող ենք պատճառել հակառակորդին». Սերժ Սարգսյան

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 12:44
Սերժ Սարգսյանն ասել է, թե որն է խնդիրը Արցախի հարցում

Հայաստանը եւ Արցախը պատերազմ սկսելու պատճառ չունեն, դա է մեր եւ Ադրբեջանի մոտեցումների էական տարբերությունը, ՀՀԿ համագումարում հայտարարել է Սերժ Սարգսյանն ու ասել, թե հարցը կարող է լուծվել միայն բանակցությամբ։ Դրա համար նա կարեւոր է համարել, որ բանակցեն կողմերը բարեխղճորեն, իրատեսորեն գնահատելով ուժերի հավասարակշռությունը։

Սերժ Սարգսյանի խոսքով, ապրիլի պատերազմը ցույց տվեց, որ Բաքուն ունի իրատեսության խնդիր։ Սերժ Սարգսյանի գնահատմամբ, Ադրբեջանը լինելով հարձակվող, չկարողացավ լուծել իր ռազմական խնդիրները, իսկ հայկական բանակը պաշտպանվող կողմ լինելով լուծեց իր խնդիրները։

«Քանի դեռ անորոշության է մատնված Արցախի կարգավիճակը, որեւէ այլ հարցի լուծում չի կարող գտնվել», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Մենք Բաքուն գրավելու եւ կապիտուլյացիա պարտադրելու ռազմա-քաղաքական խնդիր չենք հետապնդում, սակայն շատ լավ գնահատում ենք նաեւ, թե ինչ տեսակի անդառնալի կորուստ կարող ենք պատճառել հակառակորդին։ Կարծում եմ ավելին մանրամասնելու խնդիր չկա», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, որեւէ սպառազինություն չի կարող ինքնին լուծել մարտական գործողությունների ելքը, առանցքը տակավին մնում է մարդը` զինվորը։ Նրա խոսքով, հայկական բանակի դեմքը հայ զինվորն է, որ բազմիցս ապացուցել է` մարտի դաշտում որոշիչը զենքը գործածելու կարողությունն ու մղումն է, կամքը, խիզախությունը, արժանապատվության զգացումն ու առաքինությունը։

«Այո, սահմանին կանգնած մեր զինվորը խիզախ մարտիկ է, բայց նա բազմապատիկ խիզախություն է զգում, երբ թիկունքում զգում է մեր բոլորիս միասնականությունը», հայտարարել է Սերժ Սարգսյանը։