Սերժ Սարգսյանի գնահատականը Վիգեն Սարգսյանին

  • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 12:39
ՀՀԿ համագումարում ունեցած ելույթում Սերժ Սարգսյանն անդրադարձել է պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի գործունեությանը։ 

«Վիգեն Սարգսյանը վատ չի սկսել իր աշխատանքը», ասել է Սարգսյանը։ 

Նրա խոսքով, բացի բանակի մարտունակության հետ կապված ընթացիկ խնդիրներից, պետք է ընդգծված առաջընթաց արձանագրել գնումների ոլորտում, զինվորական կրթության եւ ռազմա-բժշկական ոլորտներում։

Հայաստանի զինված ուժերն ըստ նրա պետք է լինեն աշխարհում լավագույններից մեկը։ Նրա կարծիքով, դրա համար ունենք անփոխարինելի հարստությունը` մեր զինվորներն ու սպաները։ Նրա խոսքով, ժամկետային ծառայության զինվորները մեր երկրի ապագան են, վաղվա կառավարող էլիտան։ «Հայ մտավորականության մի նոր ու հզոր շերտ է ձեւավորվել մեզանում, որը նախկինում չկար։ Այդ շերտը մեր սպայակազմն է», հայտարարել է Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով, բանակը պետք է դառնա արդարության չափանիշ մեր հասարակության մեջ։ Համենայն դեպս մեր բոլոր քայլերը դրան են տանելու, հայտարարել է Սերժ Սարգսյանը։

«Վստահ եղեք, որ մեր բանակի արդիականացման համար չենք խնայելու ոչ մի միջոց։ Բանակը միաժամանակ կարող է դառնալ տնտեսության շարժիչ ուժը, տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժը», հայտարարել է Սերժ Սարգսյանը։ Նրա խոսքով, բանակի կարիքների համար նախատեսված միջոցները որքան հնարավոր է պետք է ծախսվեն Հայաստանում, առավելությունը հնարավորինս տալ հայկականին, ակնկալելով, որ այդպիսով երկրում կստեղծվի ավելացված արժեք։