Խնդիրներն անլուծելի են. Հայաստանին նոր բարդություններ են սպասվում

    • Ներքին կյանք - 26 Նոյեմբերի 2016, 10:32
ԵՏՄ տարածքում մրցակցային խնդիրներն անլուծելի են, և հայ արտադրողների համար առաջիկայում նոր ռիսկեր կարող են առաջանալ: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում տնտեսվարողների հնչեցրած դժգոհություններին:

Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հիշեցնենք, օրերս հայտարարել էր ռուսական շուկայում միանգամից երկու տնտեսավորողների գործունեությունը խոչընդոտելու մասին:

Աշոտ Եղիազարյանն ասում է, որ ռուսական շուկան երբեք էլ աչքի չի ընկել մրցակցային բարենպաստ դաշտով: “Այն ունի իր խաղի կանոնները, այդ տնտեսությունն ունի իր առանձնահատկությունները, որի առանցքը կազմում են խոշոր, այդ թվում՝ պետական մասնակցութամբ հանքահումքային կորպորացիները: Բնական է, որ այդ դաշտում հայ մասնակիցները, որոնք հնարավորություն չունեն սերտաճել պետական մարմինների հետ, իսկ դա գաղտնիք չէ, որ բիզնեսի համար շատ կարևոր նշանակություն ունի Ռուսաստանում, պիտի հայտնվեն այդպիսի իրավիճակում”,- ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով՝ եթե ընդհանուր տնտեսական տարածք է ստեղծվում, ավելի խոշոր սուբյեկտները պետք է փորձեն ամբողջ տնտեսական դաշտը գրավել, ավելի ազդեցիկ դառնալ այդ դաշտում: “Եվ այս իմաստով ոչ միայն Հայաստանը Ռուսաստանում հնարավորություն չունի ամրապնդելու իր շուկան, այլ նաև Հայաստանի համար ռիսկեր են առաջացել, որ ռուսական խաղացողները կսկսեն արդեն ամրապնդվել Հայաստանի շուկայում: Մենք կարող ենք սպասել նաև այդպիսի երևույթների”,- կարծում է տնտեսագետը:

Նա նշեց, որ Հայաստանում այսօր խոսում են մենաշնորհների, կոռուպցիայի ու ստվերի դեմ պայքարի մասին, բայց հայտնի է, որ այդ երևույթների դեմ հնարավոր չէ պայքարել՝ ԵՏՄ մաս կազմելով:

“Այդ մասին խոսելուց առաջ պետք է մի հարցի պատասխան տալ՝ որտե՞ղ է ամենաքիչ կոռուպցիան ու ստվերը, որտե՞ղ է ազատ մրցակցություն, բարենպաստ դաշտ տնտեսական գործունեության համար: Բոլորը կասեն՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում, զարգացած երկրներում: Իսկ արդյոք Ռուսաստանը երբևիցե աչքի ընկե՞լ է այդ առումով, ոչ, հակառակ կողմով է աչքի ընկել: Այդ շուկայում եղել է կոռուպցիա, ստվեր և այլն: Հարց՝ բա ինչո՞ւ ընտրեցինք այդ տարածքը: Այսինքն՝ այս խնդիրներն անլուծելի են այդ տարածքում”, հավելեց տնտեսագետը: