Կառավարությունը լուծել է սիրիահայերի մեքենաների մաքսազերծման գումարների խնդիրը

  • Ներքին կյանք - 25 Նոյեմբերի 2016, 20:18
Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը տեղեի է ունեցել նոյեմբերի 25-ին, որը նախագահել է ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարությունից, օրակարգում էին ՀՀ պետական շահագրգիռ գերատեսչությունների կողմից սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման, աշխատանքի տեղավորման, հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղություններով կատարված աշխատանքների, ինչպես նաև սիրիահայերի հիմնախնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների՝ 2016թ. ծրագրերի ընթացքի մասին հարցերը:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է, որ մշտական կապի մեջ է Սիրիայի խորհրդարանի պատգամավոր, Հալեպի ազգային առաջնորդարանի մամլո խոսնակ Ժիրայր Ռեիսյանի և Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ ՀՀ կառավարությունը լուծել է սիրիահայերի ավտոմեքենաների մաքսազերծման հարցը: Սիրիայից Հայաստան տեղափոխված մարդկանց ավտոմեքենաների ժամանակավոր ներմուծման հարցում առաջացել էր լուրջ հիմնախնդիր՝ ավտոմեքե​նաների մաքսային վճարների հատուցման արժեքը կազմում էր 233 միլիոն 365 հազար դրամ: 2016թ. նոյեմբերի 18-ին ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ պետական միջոցներից համապատասխան գումարը է հատկացվել:

Սփյուռքի նախարարության կողմից նախապատրաստվել և ընթացք է տրվել ՀՀ քաղաքացիություն ձեռքբերելու գործընթացում առաջին անգամ քաղաքացու անձնագիրը օտարերկրյա պետությունում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում հանձնելու՝ ՀՀ կառավարության որոշման գործողության ժամկետը ևս մեկ տարով՝ մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը երկարաձգելու վերաբերյալ Կառավարության որոշման նախագծին:

Նախարարը նշել է, որ 2016-2017թթ. ուսումնական տարում նույնպես սիրիահայ ուսանողների վարձավճարները կփոխհատուցվեն ՀՀ կառավարության, «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության և Հայկական բարեգործական ընդհանուր միության համատեղ ֆինանսավորմամբ:

Նախարարն ընդգծել է, որ Հայաստանում սիրիահայերի աջակցության և ինտեգրման աշխատանքները համակարգող քարտուղարության կազմը համալրվել է 4 հրավիրյալ մասնագետներով, որոնց տեխնիկական ապահովումը և աշխատավարձերի փոխհատուցումը ֆինանսավորվում է «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության աջակցությամբ:

ՀՀ սփյուռքի նախարարը նշել է նաև, որ բանակցություններ են ընթանում Քուվեյթի և Չեխիայի պետությունների հետ Հայաստանում սիրիահայերի համար սոցիալական բնակարաններ կառուցելու ուղղությամբ:

2016թ. ծրագրերի ընթացքի մասին հաշվետվություն է ներկայացրել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Ներսեսսյանը: Նա նշել է, որ իրենց կառույցի ուշադրության կենտրոնում են և իրենք հավասարապես օգնում են և՛ Սիրիայից հեռանալ չցանկացող, և՛ Հայաստան տեղափոխվող, այստեղ հաստատվել ցանկացող սիրիահայ ընտանիքներին: «Սիրիահայերի օգնության կազմակերպման ծրագրերի մշակման և իրականացման ժամանակ մենք ակտիվ համագործակցում ենք Սփյուռքի նախարարության հետ»,- հավելել է Ամերիկայի հայ ավետարանչական Ս նկերակցություն Հայաստանի ներկայացուցիչը:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն առանձնակի գոհունակությամբ է անդրադարձել այն փաստին, որ Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը մշտապես աջակցում է նախարարությանը՝ սիրիահայերի Հայաստան տեղափոխության հարցերում:

Սիրիահայերի մասնագիտական վերապատրաստման և աշխատանքի տեղավորման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկույցով հանդես է եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության պետ Արտակ Մանգասարյանը:

Նախարար Հրանուշ Հակոբյանն առաջարկել է՝ սիրիահայերին ուղղորդումը զբաղվածության կետրոններ կազմակերպել առավել հասցեական և կենտրոնացված եղանակով:

Սիրիահայերի հանրակրթական և բուհական ուսումնառության կազմակերպման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին զեկուցել է ՀՀ ԿԳ նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը: Նշվել է, որ հնարավորինս հեշտացվել է Հայաստանի ուսումնական հաստատություններում սիրիահայ երեխաների ընդունելությունը, իսկ սիրիահայ ուսանողների ուսումնական վարձերի չափը հավասարեցվել է հայաստանցի ուսանողների վարձերի չափին: Հովհաննիսյանը հավելել է, որ սիրիահայ դպրոցականներն ակտիվ մասնակցում են դպրոցական և համադպրոցական օլիմպիադաներին, զբաղեցնում մրցանակային տեղեր:

ՀՀ սփյուռքի նախարարն ընդգծել է, որ կրթական ոլորտում սիրիահայերի ինտեգրումը կարելի է հիմնականում ավարտված համարել:

Հայ օգնության միության սիրիահայերի օգնության 2016թ. ծրագրերի ընթացքը ներկայացրել է ՀՕՄ Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Դիանա Հովսեփյանը: Նա զեկուցել է կառույցի կողմից իրականացված մի շարք խնամատարական օժանդակությունների, սիրիահայերին տաք հագուստ, ձմեռային կոշիկներ տրամադրելու, սիրիահայերի ձեռքի աշխատանքներից ցուցահանդես-վաճառքներ կազմակերպելու մասին: