Բանակցություններ են տարվում Հնդկաստանից Հայաստանով դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ կատարելու հարցի շուրջ

  • Ներքին կյանք - 25 Նոյեմբերի 2016, 14:16

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանի խոսքով` փորձնական ճանապարհով Գերմանիայից ծովային 2 կոնտեյների փոխադրումը Հայաստանով դեպի Իրան թույլ է տվել հասկանալ այն հիմնական խոչընդոտները, որոնք կարող են առաջանալ ճանապարհին:

«Տարանցիկ մուլտիմոդալ փոխադրման այս ուղին ավելի քան մեկ տարի առաջ ծրագրել էինք մեր գործընկերների հետ: Ծովային 2 կոնտեյներ Գերմանիայից դուրս էր եկել, գալով Ռումինիայի նավահանգիստ, ջրային ճանապարհով տեղափոխվել Փոթի, այնուհետև՝ երկաթուղով մինչև Երասխ կայարան, որտեղից էլ ավտոտրանսպորտով տեղափոխվել էր Իրան: Անհրաժեշտ էր հասկանալ, թե այդ ճանապարհն անցնող բեռնափոխադրումների ժամանակ ինչ կարգի խնդիրներ են հանդիպում, որպեսզի համակարգային լուծում տրվեր դրանց»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:

Արթուր Առաքելյանի խոսքով` ճանապարհին հանդիպող հնարավոր խնդիրները զանազան բնույթ են կրում:

«Ըստ էության, ցանկանում էինք հասկանալ ժամկետները, հստակ պատկերացնել  այն արժեքները, որոնք ծախսվում են այդ փոխադրումների համար: Ենթակառուցվածքների խնդիր էլ կարող է լինել. քանի որ տրանսպորտի տարբեր միջոցներ են օգտագործվում, ապա տարբեր ենթակառուցվածքներ փոխելիս պետք է հասկանանք` արդյոք կա՞ն արհեստական որոշ ձգձգումներ, արդյոք հնարավո՞ր է որեւէ նավահանգստում արագացնել կամ բարելավել գործընթացը: Նաեւ մաքսային ձեւակերպումներում, գուցե, որոշ լիբերալ կանոնների ֆիքսման արդյունքում կարող ենք ճանապարհը ավելի արդյունավետ դարձնել: Մենք կվերլուծենք այդ խնդիրները կամ կփաստենք, որ դրանք իսպառ բացակայում են, եւ արդեն բիզնեսին կառաջարկվի փոխադրումների նոր տեսակ», ընդգծեց նա:

Հարցին, թե ինչ ծրագրեր կան առաջիկայում եւս նման տարանցիկ մուլտիմոդալ փոխադրումներ իրականացնելու ուղղությամբ, փոխնախարարը պատասխանեց.

«Առաջիկայում մտադիր ենք եւս մի քանի կոնտեյներ անցկացնել հետադարձ ճանապարհով: Ծրագրեր ունենք նաեւ մեր հնդիկ գործընկերների հետ Հնդկաստանից բեռներ տեղափոխել դեպի Եվրոպա: Իրանի կողմից արդեն կա պայմանավորվածություն, որ նավահանգիստներից մեկից կտեղափոխենք: Մոտակա օրերին կազմակերպչական աշխատանքները կավարտենք, իսկ Հնդկաստանի մասով մեր կողմից է հնչել առաջարկը, ինչը հետաքրքրել է հնդկական կողմի որոշակի պատասխանատուներին, հիմա շարունակում ենք բանակցությունները»:

Ամենաընթերցվածը