Անուշ Սեդրակյանը դուրս է գալիս «Ազատ դեմոկրատներից»

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 17:46
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը դուրս է գալիս կուսակցությունից: Lragir.am-ի հետ զրույցում նա նշել է, որ դեռ վեց ամիս առաջ էր դիմել, սակայն չէին ընդունել. «Խնդրել էի կուսակցության նախագահից, որ  ցանկացած պահի դադարեցնի իմ անդամակցությունը՝ տարբեր տիպի խնդիրների պատճառով», - ասել է Անուշ Սեդրակյանը՝ հավելելով, որ խնդիրները կապված են քաղաքական հարցերի հետ, պետք չէ անձնավորել և այլ երանգավորում տալ:

«Մի քանի անգամ էլ ասել եմ, որ պատրաստ եմ կասեցմանն ամեն պահի: Եվ հիմա երբ դաշինք է ձևավորվում, հուսով եմ, որ իմ կատարած աշխատանքը  կնպաստի այդ դաշինքի զարգացմանը, բայց միևնույն ժամանակ այդ աշխատանքը կանի մեկ ուրիշը»,-հավելել է նա:

Նա ասել է, որ տեղյակ է՝ այդ դաշինքը  պատրաստվում է Հրանտ Բագրատյանը ղեկավարել. «Ես պատասխանատու եմ կուսակցության աշխատանքի և գործունեության համար, որին անվերապահ  նվիրված աշխատել եմ, բայց ես չեմ ուզում պատասխանատու լինել դաշինքների համար, դա ծանր բեռ է»:

Քաղաքականությունից Անուշ Սեդրակյանը չի պատրաստվում դուրս գալ, ասում է՝ քաղաքականությունն իմ անբաժան մասն է. «Եթե ես անգամ ուզենամ իրենից հրաժարվել, ինքը ինձնից չի հրաժարվի»: