Նախարարը բացառում է կարգավիճակն ու կոչ է անում չվախենալ

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 14:29
«Հայաստանի Հանրապետությունում պետական լեզուն հայերենն է, մեր անկախության հիմնարար արժեքներից մեկն է մեր Լեզվի մասին օրենքը և փոփոխության ենթակա չէ», կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը՝ անդրադառնալով ռուսաց լեզուն երկրորդ պետական լեզու հռչակելու մասին խոսակցություններին: Նա նշեց, որ ռուսերենը Հայաստանում նույն կարգավիճակում է, ինչ որ մյուս օտար լեզուները: Հարցին, թե ԵՏՄ անդամակցությունը կարո՞ղ է պատճառ դառնալ, որ Հայաստանին պարտադրեն ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու ընդունել, նախարարը պատասխանեց. «Ռուսաց լեզվի պարագայում ունենք ևս մի կարևոր դաշտ: Մենք գտնվում ենք Եվրասիական տնտեսական միության գործակցության դաշտում, և ռուսերենը եվրասիական տարածաշրջանում միջպետական հաղորդակցման լեզու է: Մենք գտնվում ենք ռազմատեխնիկական համագործակցության դաշտում, ռուսերենն անհրաժեշտ է: Բայց կարգավիճակային խնդիր չի կարող լինել: Հայաստանի Հանրապետությունն անկախ ու սուվերեն երկիր է, և եկեք մենք մեզնից չվախենանք ու մեր ուժերին վստահենք»:

Լևոն Մկրտչյանն ասաց, որ ռուսերենն առավել տարածված օտար լեզուն է Հայաստանում, և ԿԳ նախարարությունում շահագրգռված են, որ այդ լեզուն ամրապնդվի, ուժեղանա: Նաև շահագրգռված են, որ անգլերենը ևս ամրապնդվի Հայաստանում: «Բայց ես՝ որպես կրթության նախարար, նաև շատ-շատ անհանգիստ եմ, որ մենք աստիճանաբար սկսում ենք կորցնել գերմաներեն լեզվի մշակույթը, որը Խորհրդային միությունից ունեինք, ֆրանսերեն լեզուն, որ մի քանի դպրոց են մնացել»,- ասաց նա:

Լևոն Մկրտչյանը նաև նշեց, որ ՀՀ-ն ունի հստակ օրենսդրություն, եթե Վրաստանում կարող են բարձրագույն կրթություն ստանալ ոչ իրենց մայրենի լեզվով, այլ, օրինակ, անգլերենով, ապա Հայաստանում այդ իրավունքը չկա:

«Հայաստանի քաղաքացիները կրթություն ստանում են հայերեն լեզվով: Դպրոցներում, մենք բոլոր մայր առարկայախմբերը՝ բնագիտությունն ու հումանիտարը, անցնում ենք մայրենի լեզվով: Լեզվական մյուս առարկայախումբը գալիս է ավելացնելու և չի ընդգրկում մայր առարկայախմբերին: Սա արդեն երախշիք է, սրանից դուրս էլ ի՞նչ: Եթե մենք ուզում ենք մեզ վախեցած զգանք, եկեք զգանք: Եթե մենք ուզում ենք ամեն պաշտոնյայի խոսքի վրա... Գիտե՞ք, մենք այդ վախն ունենք, որովհետև Խորհրդային միության մի հանրապետություն էինք, որտեղ պայքարում էինք մեր ինքնությունը, մեր լեզուն պահպանելու համար: Այսօր մենք անկախ ու սուվերեն երկիր ենք: Բայց , քանի որ մենք ռազմատեխնիկական համագործակցություն ունենք, մեր սպաներն ու զինվորները պետք է կարողանան ինստրուկցիաները ռուսերեն կարդալ», հավելեց ԿԳ նախարարը:

Ամենաընթերցվածը