Գյուղատնտեսության նախարարը հետեւում է վարչապետին

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 13:51
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը ևս պատրաստվում է ՀՀԿ-ին անդամակցելու դիմում ներկայացնել: Այս մասին կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Իգնատի Առաքելյանը:
«Ես հետևելու եմ վարչապետի քայլին, անդամակցելու դիմում եմ գրելու: Դեռ չեմ գրել, բայց այսօր կգրեմ»,- ասաց նախարարը: Նա նշեց, որ իրեն չեն պարտադրել այդ քայլին գնալ, բայց ինքը թիմային աշխատող է:
Իգնատի Առաքելյանը ՀՀԿ-ին անդամագրվելու իր մտադրությունը բացատրեց նրանով, որ իրեն մոտ է ՀՀԿ գաղափարախոսությունը: Լրագրողները հետաքրքվեցին՝ ՀՀԿ գաղափարախոսության որ կետերն են իրեն մոտ: «Բոլոր կետերը, հանրապետության և անվանգությունը, զարգացումը, ընդհանրապես բոլոր գաղափարախոսությունները, որոնք կան կուսակցության կանոնադրության մեջ, շատ մոտիկ են ինձ»,- պատասխանեց նա:
Լրագրողները նաև հետաքրքվեցին՝ նժդեհական գաղափարախոսության մասին ի՞նչ կարող է ասել: «Չեմ կարող ասել, չեմ կարող ոչ մի բան առանձնացնել, ծանոթ չեմ Նժդեհի գաղափարախոսությանը: Ես համարում եմ, որ ճիշտ է այսօր անդամակցել, դա իմ անձնական որոշումն է, իմ անձնական կարծիքը»,- պատասխանեց Իգնատի Առաքելյանը:
Նա նշեց, որ մինչ այս չէր անդամակցել որևէ կուսակցության, քանի որ քաղաքականության մեջ չէր և չէր մտածում մտնել քաղաքականություն:
Գյուղատնտեսության նախարարը նաև ասաց, որ նախկինում ինքը միշտ մասնակցել է ընտրություններին, ընտրել է ՀՀԿ-ին, ձայն է տվել Սերժ Սարգսյանին: Այնպես որ, զարմանալի չէ, երբ այսօր ուզում է ՀՀԿ-ական դառնալ:
Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն մշտապես կեղծիքներով է եկել իշխանության, մտավախություն չունի՞, որ անդամակցելով այդ կուսակցությանը՝ կհեղինակազրկվի, Իգնատի Առաքելյանը պատասխանեց. «Ինչ բարդ հարցեր եք տալիս: Ես խոսակցություններին չեմ անդամագրվում»:

Ամենաընթերցվածը