Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ դիմում է գրել ՀՀԿ-ին

  • Ներքին կյանք - 24 Նոյեմբերի 2016, 11:12
Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության նոյեմբերի 24-ի նիստում պարզաբանել է ՀՀԿ-ին անդամակցելու իր հեռանկարները, հայտարարելով, որ դիմում է ներկայացրել ՀՀԿ անդամ դառնալու համար: Վարչապետի դիմումը կքննարկի ՀՀԿ համագումարը, որը տեղի կունենա նոյեմբերի 26-ին: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ին անդամագրվելու մտադրության մասին հայտարարել էր նաեւ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Կարեն Կարապետյանն ասաց, որ ցանկանում է մեկնաբանել, թե ինչու է նման որոշում կայացրել:

«Առաջինը, վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հանրապետության նախագահ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրորդ, յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին ՀՀԿ-ի կառավարությունը: Երրրոդ, եթե նույնիսկ հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչո՞ւ չենք ստեղծել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ մեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի:

Ունենալով Արցախի հիմնահարց և երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն  գործընթացներից ու զարգացումներից: Չորրորդ, ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ ՀՀԿ-ն, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան»,- ասաց վարչապետը:

Ըստ նրա՝ չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին ու դրանից հետո իր առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը՝ անհրաժեշտ է  շատ բան փոխել տնտեսական ու սոցիալական կյանքում, առավել ևս՝ պետական կառավարման համակարգում: «Դա նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը ՀՀԿ-ում շատ հստակ է դրված, խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից»,- ասաց նա:

ՀՀԿ-ին անդամակցելու հինգերորդ պատճառն, ըստ Կարեն Կարապետյանի, այն է, որ վարչապետը պաշտոնը ստանձնելով՝ ինքը դարձավ փոխելու ու փոխվելու նոր գործընթացի մասնակից՝ վերցնելով պատասխանատվության իր բաժին բեռը:

«Հաշվի առնելով այս ամենը՝ ես ՀՀԿ-ին միանալու որոշում եմ կայացրել»,- հավելեց նա:

Կարեն Կարապետյանն ասաց, որ այս նոր իրավիճակում իր ընկերներից ու համախոհներից շատերը ցանկանում են մասնակից դառնալ այս գործըթնացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը:

«Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին: Որևէ պարտադրանք չկա, դա յուրաքանչյուրի գիտակցական ու գաղափարական որոշման հարցն է»,- նշեց նա:

Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, ըստ վարչապետի, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներից ելնելով՝ ոչ միշտ է  եղել արդյունավետ:

«Բայց ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը՝ որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը»,- հայտարարեց վարչապետը: