Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքները շարունակվում են

  • Ներքին կյանք - 23 Նոյեմբերի 2016, 17:47
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային այցի շրջանակում ծանոթացել է Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսված Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոց - Արտաշատի խճուղի ճանապարհի կառուցման աշխատանքների ընթացքին, որն իրականացվում է Ասիական զարգացման բանկի աջակցությամբ՝ քաղաքային կայուն զարգացման ծրագրի շրջանակներում: Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի մասը կազմող նոր ճանապարհի հիմնական նպատակն է քաղաքի հյուսիսային և հարավային մուտքերի միջև սահուն կապ հաստատելով տրանսպորտային հոսքերից բեռնաթափել Երևան քաղաքի կենտրոնը:

Պատասխանատուները քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցել են, որ տրանսպորտային հոսքերի անընդհատ երթևեկություն ապահովելու նպատակով կառուցվել է 270մ երկարությամբ ուղեանց (էստակադա)՝ Արտաշատի խճուղու երկաթուղային գծանցի վրայով: Միաժամանակ Շիրակի փողոցի և Արշակունյաց պողոտայի հատման մասում կառուցվել է հողային լիցքով շրջանաձև երթևեկությամբ երկու ուղեանցերով ճանապարհ` Նորագավթի 1-ին փողոցի և դրան զուգահեռ անցնող երկաթուղային գծանցի վրա: Հիմնական ճանապարհը բաղկացած է 4 երթևեկելի գոտիներից, իսկ հարակից բնակելի տների համար կառուցվել են լրացուցիչ երթևեկելի գոտի և սպասարկման ճանապարհ: Արտաշատի խճուղու վրա կառուցվել է նաև վերգետնյա հետիոտնային անցում, որն առաջին անգամ Երևան քաղաքում ապահովված կլինի հաշմանդամների համար նախատեսված վերելակներով:

«Հաջորդ փուլով՝ Ծրագրի 2-րդ տրանշի իրականացման արդյունքում, մայրաքաղաքի հյուսիսային և հարավային մուտքերը կկապվեն իրար: Այդ համատեքստում արդեն սկսվել են Շիրակի փողոցից դեպի Արգավանդի հատված տանող ճանապարհի շինարարական աշխատանքները, որի շրջանակում նախատեսված է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ կամրջի կառուցում, որը կկրի «Էրեբունի-Երևան 2800» անունը և կնվիրվի Երևանի 2800-ամյակին: Արդեն կայացել է նաև Դավթաշեն-Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների մրցույթը, և այժմ պայմանագրի կնքման փուլում ենք, ու արդեն հաջորդ տարվա սկզբին կմեկնարկեն նաև այդ հատվածի շինարարական աշխատանքները: Պատրաստ են նաև Բաբաջանյան փողոց - Աշտարակի խճուղի ճանապարհահատվածի մրցութային փաստաթղթերը և մոտ ժամանակներս կհայտարարենք մրցույթը: Համոզված եմ, որ կարևոր այս ճանապարհաշինական ծրագրերի ավարտից հետո զգալիորեն կբեռնաթափվեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցները»,- նշել է Տարոն Մարգարյանն ու հավելել, որ մայրաքաղաքի շրջանցիկ ճանապարհի շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել 2019 թվականին, ինչի արդյունքում կունենանք Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ եվրոպական չափորոշիչներին համապատասխանող ճանապարհ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Ամենաընթերցվածը