Հայաստանում ներդրում արած երկրներն իրենց ներդրումները հանում են

    • Ներքին կյանք - 23 Նոյեմբերի 2016, 15:33
Հայաստանի տնտեսության աճի տեմպի դանդաղումը տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը մի շարք գործոններով է պայմանավորում: Lragir.am-ի հետ զրույցում տնտեսագետն անդրադարձավ այդ գործոններին ու հետագա զարգացումների մասով կանխատեսումներ արեց:

Ի թիվս ապրիլյան պատերազմով ու քաղաքական իրավիճակով, մասնավորապես, հուլիսյան դեպքերով պայմանավորված գործոնների, Վիլեն Խաչատրյանն առանձնացնում է նաև Հարկային նոր օրենսգրքի ընդունումը, կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխությունները:

«Հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ փոփոխվել է կառավարման համակարգը, այլ նաև վերջինիս հետ կապ ունեցող օղակները ևս փոփոխության են ենթարկվում: «Հզոր» նախարարների և այդ ամբողջ փոփոխություններն իրենց ազդեցությունն են ունենում տնտեսության վրա: Իրենց որոշումները վերանայում են ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլև վերանայում են տնտեսվարողները՝ որոշումներ ընդունեն, ներդրումներ անեն, թե՞ ոչ: Նրանք իրենց համար ունեն ճշտելու ինֆորմացիա՝ ի՞նչ է տեղի ունենալու ապագայում: Եվ այս անորոշությունը նրանց վարքագծի վրա է ազդում»,- ասում է Վիլեն Խաչատրյանը:

Տնտեսագետի խոսքով՝ որոշ գերատեսչությունների ղեկավարների փոփոխությունը կարող է հանգեցնել նաև կապիտալի արտահոսքի, քանի որ պաշտոնանկ արված որոշ անձինք, պաշտոնական ու ոչ պաշտոնական տվյալներով, նաև հզոր ֆինանսական ռեսուրսների են տնօրինում: Եվ հնարավոր է, որ Հայաստանից այս ընթացքում գրանցվել է կապիտալի արտահոսք: Մյուս գործորնն, ըստ տնտեսագետի, կարող է լինել նոր Սահմանադրությունը, այսինքն՝ փոփոխությունները, որոնք սպասվում են ապրիլին, կարող են իրենց ազդեցությունը թողնել նաև ներկայիս ներդրողների վարքագծի վրա:

«Սա ամբողջական գործոնային համակարգ է, այս գործոնները մեկը մյուսի հետ անմիջական կապված են, և մենք ունենք տվյալ գործոնների ազդեցության տակ ձևավորվող տնտեսական աճ»,- նշեց նա:

Անդրադառնալով ֆինանսների նախարարի հայտարարությանը, որ տարեվերջին հնարավոր չի լինի ապահովել այս տարվա բյուջեով նախատեսված 2.2 տոկոս տնտեսական աճը, Վիլեն Խաչատրյանն ասում է, որ դա ավելի վաղ տեսանելի էր:

«Մենք ունենք պարտքի աննախադեպ աճ, եթե մինչ այս պարտքն ամսական աճում էր 50-60 մլն դոլարով, աճը հիմա արդեն հասել է 108-110 մլն-ի: Այդ պարտքը սպասարկելու խնդիր կա: Ավելին, հարկային եկամուտների աճը, որը նախատեսված է 2017 թվականի համար, ներկայիս տնտեսական ցուցանիշների պարագայում այս 27 մլրդ-ոց աճն ապահովելը լինելու է շատ բարդ: Եթե հաջորդ տարվա բյուջեի ուղերձում դրված ցուցանիշները կառուցվում են 2016 թվականի տրամաբանությունից ելնելով, հետևաբար նաև 2017 թվականի ցուցանիշներն են դառնում ոչ իրատեսական»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է կառավարության նախաձեռնություններին, մասնավորապես, ներդրումային հիմանդրամի ստեղծմանը, որոնք պետք է, ըստ կառավարության անդամների, հաջորդ տարվա համար տնտեսությունում աշխուժություն առաջացնեն ու 3.2 տոկոս աճ ապահովեն, մեր զրուցակիցը նշեց, որ եթե այսօր ունեն նման իրավիճակ, ապա հաջորդ տարվա համար ոչ թե աճի ապահովման մասին պետք է խոսել, այլ կորցրածի վերանգնման:

«Առավելագույնը կարող է լինել վերադարձ նախկին դիրքերին: Զուտ ներդրումների ցուցանիշը երբ նայում ենք, տեսնում ենք, որ այդ ցուցանիշը մեզ մոտ բացասական է: Այսինքն՝ աշխարհին դառել ենք ներդրումներ տվող երկիր, և այն երկրներն էլ, որոնք ներդրումներ են արել Հայաստանում, իրենց ներդրումները Հայաստանից հանում են: Մյուս կողմից, ասում են, որ հաջորդ տարի Հայաստանի պարտքը կաճի 410 մլն դոլարով, բայց ես հակված չեմ այդ թվին հավատալ, որովհետև կարծում եմ, որ այդքանով չենք բավարարվի, շատ ավելին ենք վերցնելու»,- ասաց տնտեսագետը:

Ամենաընթերցվածը