Հերմինե Նաղդալյանը բոլորին մատ արեց

    • Ներքին կյանք - 22 Նոյեմբերի 2016, 21:10
«Ազգ-բանակ» հնչեղ ծրագիրը լուրջ մտորումների տեղիք է տվել բևեռացված հասարակության սոցիալական տարբեր շերտերում: Սակայն իշխանությունները, հերթական անգամ չկարևորելով հասարակական կարծիքը և տեսնելով, որ բյուջեն դեֆոլտի ճանապարհին է, արագացված ռեժիմով ԱԺ-ում նոյեմբերի 17-ին առաջին ընթերցմամբ ընդունեցին «Պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Ինչ խոսք, անպաշտպան սոցիալական ընտանիքների զավակներն են կանգնած սահմանին, և մարտական գործողությունների ժամանակ առաջին վտանգը նրանց է սպառնում: Բնականաբար անհրաժեշտ է պետության առաջնահերթ վերաբերմունքը այդ զինվորների և նրանց ընտանիքների նկատմամբ:

Այս խնդիրը ոչ մեկի մոտ երկմտանքի առարկա չի կարող լինել:

Սակայն որոշ հարցեր այնուհանդերձ արժանի են ուշադրության՝ սոցիալական արդարության սկզբունքի պահպանումը (աշխատավարձից որոշակի տոկոս) և բացառել ամսեկան 1000-ական դրամի պահում այն անձանցից, որոնց ընտանիքներում մինչև օրենքի ընդունումը կա բանակում զոհված կամ հաշմանդամ դարձած զինվոր:

Այսօր իշխանությունը առանց երկար-բարակ մտորելու որոշեց ամսեկան 1000-ական դրամով հարկահավաքության նոր տեսակ ներդնել, որի ձևակերպումը սոցիալական վճարների մասով առայժմ մշուշոտ է…: Ի վերջո պարզ չէ՝ այն հարկային նոր բեռ է, թե՞ մսխած բյուջեն լցոնելու նոր տեսակ` «պարտադրվա՛ծ եք կամավոր վճարել»:

Եվ ահա ԱԺ-ն իր պատգամավորական կորպուսի ներկայացուցիչներով «Ազգ-բանակ» աջակցության հիմնադրամին փոխանցումներ կատարեց բնականաբար ըստ «հնարավորությունների»: Այդ փոխանցումներում դժվար է գտնել որևէ օրինաչափություն կամ տրամաբանություն: Կարծում եմ, պատգամավորների աշխատավարձը հավասար է, և ԱԺ-ի նախագահի աշխատավարձը ամենից բարձրը պետք է որ լինի: Թերևս պարզ չէ, այս փոխանցումները միանվագ են, թե՞ կունենան շարունակական բնույթ:

Սակայն պատգամավորներ Մհեր Սեդրակյանը փոխանցել է 5040 դրամ, Սամվել Ալեքսանյանը՝ 5670 դրամ, Մանվել Գրիգորյանը՝ 6610 դրամ, Վարդան Այվազյանը՝ 7180 դրամ, իսկ ԱԺ-ի նախագահ Գալուստ Սահակյանը՝ 11910 դրամ:

ԱԺ-ի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը փոխանցել է 466390 դրամ և դրանով մատ է արել բոլոր պատգամավորներին իրենց փոխանցումներով:

Ցանկացած օրինագիծ անհրաժեշտ է քննարկել շահագրգիռ կողմերի հետ, իսկ վերը հիշատակված օրինագիծը ունի հանրային մեծ կարևորություն և, այն պետք էր լուրջ քննարկել նախքան ԱԺ ներկայացնելը: