Պարզ է դառնում, որ նախկինում վիճակագրական ցուցանիշները ուռճացվել են. Վարդան Բոստանջյան

    • Ներքին կյանք - 22 Նոյեմբերի 2016, 16:19
Տնտեսական ակտիվության ցուցանիշի նվազումը երկրի տնտեսությունում առկա իրական վիճակն է արտացոլում, և պարզ է դառնում, որ նախկինում վիճակագրական ցուցանիշները ուռճացվել են: Lragir.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել էր տնտեսական ակտիվության ցուցանիշները, ըստ որի՝ Հայաստանի տնտեսական աճը գրեթե զրոյական է դառնում: Այս տարվա տասը ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է ընդամենը 0.4 տոկոս: Հատկապես հուլիս ամսվանից տնտեսական ակտիվության ցուցանիշը սկսել է կտրուկ նվազել: Եթե տարվա առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել էր 8.7 տոկոս, ապա առաջին կիսամյակում այն կազմել էր 4.4 տոկոս, հունվար-հուլիսին՝ 4.0 տոկոս, հունվար-օգոստոսին՝ 3.8 տոկոս, իսկ հունվար-սեպտեմբերին 1.6 տոկոս:

«Ես մինչ այս ասում էի, որ նման տնտեսություն ունեցող երկրի համար տնտեսական ակտիվության ցուցանիշը չի արտացոլում իրերի վիճակը: Եթե նախորդ ժամանակահատվածներում մենք անընդհատ խոսել ենք տնտեսական ակտիվության մասին, որը ցանկալի ու դրական թիվ է եղել, դա իրականությանը չի համապատասխանել, որովհետև տարիներ շարունակ մենք տնտեսության կտրվածքով նկատել ենք ոչ հարմար վիճակ: Ավելին, արդեն իսկ նոր կառավարության պարագայում միանգամից շեշտվեց ու բարձրաձայնվեց, որ տնտեսությունը ծանր վիճակում է: Եթե տնտեսության վիճակը ծանր է, ո՞նց կարող է տվյալ տնտեսության մեջ արձանագրվել տնտեսական ակտիվություն»,- ասում է Վարդան Բոստանջյանը:

Հետևաբար, պետք է ենթադրել, որ Ազգային վիճակագրական ծառայությունն արդեն սկսել է ներկայացնել իրականությանը մոտ թվեր: Նախկինում էլ, ըստ տնտեսագետի, այդ ցուցանիշները պետք է լինեին նույնը, բայց իրականությանը չհամապատասխանող թվեր են հրապարակվել:

«Հատկապես մակրոտնտեսական ցուցանիշների մասով մենք ունեինք տխուր վիճակ, բայց նախկինում երևի հատուկ մեթոդաբանությամբ մեզ ցանկացել են ապակողմնորոշել: Բայց այդ գործից հասկացողներն ու անգամ չհասկացողները, ես նկատի ունեմ բնակչությանը, հասկացել են ինչ է տեղի ունեցել: Որքան էլ ուզում է դու ասես՝ քաղցր-քաղցր հալվա, մեկ է, դրանից մարդու բերանը չի քաղցրանում»,- հավելեց նա:

Անդրադառնալով կանխատեսումներին, թե ի՞նչ սպասել մինչև տարեվերջ, Վարդան Բոստանջյանը չի բացառում, որ հնարավոր է 2016 թվականը փակենք տնտեսական զրոյական աճով: «Դա հնարավոր է, և մենք այս պահին արդեն չպետք է ֆիքսվենք այն հանգամանքի վրա, որ վիճակը շատ վատ է: Հասկացանք, որ վատ է, բայց մենք գործ ունենք մեծ համակարգի հետ, ինչպիսին տնտեսությունն է և բարեփոխումների արդյունքը տեսնելու համար  մեզ որոշակի ժամանակ է պետք: Մինչև տարեվերջ մեզ մնացել է մեկ ամիս ու մի քանի օր, եթե հանկարծ այդ ցուցանիշը ընդհուպ զրո լինի, դա մենք չպետք է տրագիկ ընդունենք, հասկանալու ենք, որ դա իրերի իրական վիճակն է:

Այստեղ մեր նպատակն այն պետք է լինի, որ բարեփոխումները լինեն այնպիսին,որ աստիճանաբար մեզ դուրս բերեն նման վիճակից»,- ասաց նա: Տնտեսագետի խոսքով՝ այս ցուցանիշերը ևս մեկ անգամ փաստում են, որ տնտեսությունում բարեփոխումների իրականացումն այլընտրանք չունի: «Ժողովրդական խոսքն ասում է՝ դանակը հասել է ոսկորին, մենք այդ վիճակում ենք»,- ասաց Բոստանջյանը:

Հիշեցնենք, որ այս տարվա բյուջեով նախատեսված է ապահովել 2.2-2.5 տոկոս տնտեսական աճ: Սա կառավարությունը համեստ ցուցանիշ էր համարել՝ պայմանավորելով արտաքին բացասական զարգացումներով: Սակայն զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է կառավարությունն այդ համեստ ցուցանիշն էլ չկարողանա ապահովել: