ՊԵԿ-ն անցել է գործի. ու՞մ փոխարեն

  • Ներքին կյանք - 22 Նոյեմբերի 2016, 13:35
Նոյեմբերի 21-ին ՊԵԿ տարածած հաղորդագրության համաձայն, անհայտ անձինք անձինք փորձել են խոչընդոտել տնտեսվարողին Հայաստան բանան ներկրելու հարցում, իսկ ՊԵԿ ՙձեռնարկված միջոցառումների արդյունքում, օրենքի շրջանակում, տնտեսվարողը ստացել է աջակցություն և հաջողությամբ իրականացրել ներկրումը՚:

Ընդհանոուր առմամբ ողջունելով ՊԵԿ կողմից գործարարին ցուցաբերված աջակցության փաստը, որը կարող է կարեւոր քայլ լինել Հայաստանում մի շարք ապրանքային շուկաներում առկա մենաշնորհների հաղթահարման ուղղությամբ, հարկ է նշել մի մտահոգիչ հանգամանք:

Մասնավորապես, ՊԵԿ տարածած հայտարարությամբ չի մանրամասնվում, թե կենկրետ ի՞նչ օրենքի շրջանակներում է գործարարին ցուցաբերվել աջակցություն։

Հայտնի է, որ ՀՀ Սահմանադրության համաձայն . ՙՊետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով՚:

ՀՀ ԿԱ ՊԵԿ լիազորություններն էլ սահմանված են օրենքով, ինչն ամրագրված է նաև ՊԵԿ կանոնադրությամբ:

Ո՞ր իրավական ակտն է ՊԵԿ-ին օժտում գործարարին ՙգործունեության ընթացքում ծագած խոչընդոտների հաղթահարմանն աջակցելու՚ լիազորությամբ։ Մենք չկարողացանք գտնել որևէ օրենք կամ այլ իրավական ակտ,որը  ՊԵԿ լիազորություն կսահմաներ որևէ հարկատուի գործունեությանն աջակցումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ՊԵԿ իսկ գործառույթների իրացման ընթացքում վերջինս պարտավոր է հետևել որևէ հարկատուի օրինական շահերի պաշտպանությանը, որպեսզի դրանք իր իսկ կողմից չոտնահարվեն։ Իսկ աջակցել առաջացած խնդիրների լուծմանը՝ ՊԵԿ-ն իրավասու է միայն այն դեպքերում, երբ խնդիրներն առաջացել են իր՝ ՊԵԿ որևէ աշխատակցի կամ ստորաբաժանման ոչ իրավաչափ գործողությունների հետեւանքով:

Մնացյալ բոլոր դեպքերում ՊԵԿ ից պահանջվում է (պահանջվում է օրենքով) պարզապես իր իսկ գործունեությամբ չխոչընդոտել հարկատուների աշխատանքը, չոտնահարել վերջիններիս իրավունքներն ու օրինական շահերը:

Որքան ել բարի լինեն ցանկություններն ու մղումները, որևէ պետական մարմին պետք է առաջնորդվի բացառապես իր գործունեությունը, լիազորությունները սահմանող օրենքներով։ Հակառակ պարագայում, օրենսդրական լիազորության շրջանակից դուրս աջակցությունն այսօր կարող է ունենալ բարի նպատակ, վաղը նպատակները կարող են այլ լինել։

Ի վերջո, գլխավոր խնդիրը այն է, որ պետական համակարգը պետք է աշխատի ամբողջությամբ եւ արդյունավետ կառավարումը ոչ թե այն է, երբ գերատեսչություններից մեկը չի կատարում իր պարտավորությունները, իսկ մյուսը բարի գործ է անում իր լիազորությունների շրջանակից դուրս, այլ այն, երբ յուրաքանչյուր գերատեսչություն անում է այն, ինչի համար լիազորված է օրենքով։

ՊԵԿ-ը արել է ողջունելի գործ, սակայն հանրային եւ պետական խնդիրները պահանջում են համակարգային, ոչ թե իրավիճակային լուծումներ։ Ի վերջո, բոլոր տնտեսվարողները չէ, որ կդիմեն ՊԵԿ, կամ բոլորին չէ, որ ՊԵԿ-ն ի զորու կլինի ցուցաբերել անհրաժեշտ ու լիարժեք օպերատիվ օգնություն եւ աջակցություն։ Եթե այդպես լիներ, ապա կարելի էր ցրել ամբողջ պետական ապարատը եւ թողնել միայն ՊԵԿ-ը։

Տվյալ պարագայում խնդիրը ՊԵԿ-ում էլ չէ, այլ ընդհանրապես կառավարման տրամաբանության մեջ։ Դա, հանուն արդյունավետության պահանջում է ոչ թե բարի գործեր այս կամ այն գերատեսչությունից, այլ որ պետական կառույցներից յուրաքանչյուրը պարզապես լիարժեք, անթերի եւ պատասխանատու կատարի այն գործը, որին լիազորված է Հայաստանի Սահմանադրությամբ եւ օրենքներով։ Կատարել օրենքով սահմանված պարտականությունը` դրանից ավելին պետք էլ չէ։

Այդ դեպքում տնտեսվարողները կլինեն ոչ թե իրավիճակային, այլ համակարգային պաշտպանության ներքո, ինչն արդեն ոչ թե մարտավարական, այլ ռազմավարական ձեռքբերում կլինի Հայաստանում տնտեսական գործունեության էֆեկտիվության, ազատ մրցակցության եւ ներդրումային գրավչության տեսանկյունից։