«Հայաստան» հիմնադրամի համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել է 1.34 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում

  • Ներքին կյանք - 22 Նոյեմբերի 2016, 12:44
«Հայաստան» հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի գլխավորությամբ նոյեմբերի 16-ից 20-ն անցկացված համաեվրոպական հեռախոսամարաթոնն արձանագրել  է 1 340 000 եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Նախորդ տարվա համեմատ գրանցելով հանգանակությունների մեկ տոկոս աճ՝ այս տարվա դրամահավաք-միջոցառումը նաեւ շուրջ 1700 նոր նվիրատու է ներգրավել: Հեռախոսամարաթոնին, ինչպես միշտ, մասնակցել են Հիմնադրամի Ֆրանսիայի, Գերմանիայի, Շվեյցարիայի, Հոլանդիայի եւ Հունաստանի տեղական մարմինները: Շուրջ 700 կամավորներ 4-օրյա դրամահավաքի ընթացքում զանգահարել են եվրոպաբնակ 46 000 հայ ընտանիքների եւ կազմակերպությունների՝ հորդորելով սատարել մեր հայրենակիցներին:

Դրամահավաքի հասույթը մասնավորապես կուղղվի ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում Արցախի առավել տուժած համայնքների վերականգնմանը, սիրիահայերի եւ իրաքահայերի օգնությանը, Հայաստանի Տավուշի մարզի շուրջ 15 համայնքներում իրագործվող գյուղատնտեսական ծրագրերի զարգացմանն ու ընդլայնմանը: Հունաստանի տեղական մարմնի հավաքագրած գումարներն այս տարի եւս կուղղվեն Արցախի Քարին Տակ համայնքում մանկապարտեզի կառուցմանը:

Հիմնադրամի ամենամյա դրամահավաքների շարքը կեզրափակեն Բրազիլիայի տեղական մարմնի՝ նոյեմբերի 26-ից 27-ն անցկացվելիք հեռախոսամարաթոնը եւ Լիբանանի տեղական մարմնի՝ դեկտեմբերի 7-ին տեղի ունենալիք ռադիոթոնը: Իսկ տարվա գլխավոր դրամահավաք-միջոցառումը՝ Հեռուստամարաթոն 2016-ը, կկայանա նոյեմբերի 24-ին:

Ամենաընթերցվածը