Վահան Բադասյանին հրավիրել են հարցաքննության

    • Ներքին կյանք - 21 Նոյեմբերի 2016, 16:57
Արցախյան պատերազմի վետերան, Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն հարցաքննության: Նրա հայտարարությունների հիմնա վրա մամուլի հրապարակումները ՀՀ զինվորական դատախազի կողմից նոյեմբերի 16-ին ուղարկվել էին Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու համար:

Բադասյանը, մասնավորապես, Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրառում էր արել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի գործունեության վերաբերյալ՝ նշելով, որ նա լինելով նախկինում ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության և ՊՆ-ի միջև կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Այս տեղեկությունը տարածվել էր ԶԼՄ-ներում:

Lragir.am-ի հետ զրույցում Վահան Բադասյանն ասաց, որ հարցաքննության ժամանակ պնդելու է իր  իր տեսակետը, որ որոշ գեներալներ հարստացել են բանակի հաշվին: 

«Ինչ ճնշումներ էլ բանեցնեն իմ վրա, շարունակելու եմ պնդել, որ բանակում կատարվել ու կատարվում են, բայց չպետք է կատարվեն չարաշահումներ, պետք է կանխենք դա: Մեր բանակը պետք է ունենա արդիական զենք, այլևս 80-ականների զենքով չենք կարող կռվել, ժողովրդի անվտանգության զգացումն ու հավատը պետք է վերականգնել, որպեսզի չլքեն իրենց բնակավայրերը»,- ասաց նա:

Ըստ Վահան Բադասյանի՝ միայն Մոսվես Հակոբյանի մասով չէ խնդիրը, իր հայտարարությունները վերաբերում են բոլոր նրանց, ովքեր հարստացել են բանակի  հաշվին:

«Բոլոր ֆեոդալ գեներալները պետք է դուրս մղվեն բանակից, որովհետև նրանք պիտանի չեն զինվորականության մեջ: Հնամաշ գեներալները պետք է բանակը թողնեն ու դուրս գան: Իսկ մեր ազգում ու բանակում շատ են բանիմաց գեներալները: Այսինքն՝ մեր բանակը պետք է հզորանա, իսկ հզոր լինելու համար չպետք է բանակում լինեն շորթումներ և յուրացումներ»,- ասաց նա:

Հարցին, որ քննչական մարմիններն իրենց միգուցե ասվածի վերաբերյալ փաստեր պահանջեն, կկարողնա՞ ներկայացնել դրանք, Բադասյանը պատասխանեց, որ այդ դեպքում նրանց կխնդրի, որ իրեն տան լիազորություներ, որպեսզի մտնի համապատասխան վայրերը և համապատախան փաստերը վերցնի, ինչը աբսուրդ է:

«Այդ դեպքում ինչի՞ համար են միլիարդներ ծախսում անվտանգության մարմիններ պահելու համար: Ես գիտեմ, որ իրենք գիտեն չարաշահողների տեղը, բոլորս գիտենք նրանց տեղերը: Հենց այս շենքի հարևանությամբ գտնվում են շքեղ բնակարաններ, որոնց մեծ մասը գեներալներին են պատկանում; Որտեղի՞ց նրանց այդ գումարները, թող հաշվեն: Եթե իրենց համար դժվար է հաշվել, ես կօգնեմ»,- հավելեց նա:

Վահան Բադասյանը նաև նկատում է, որ իշխանությունների կողմից առաջ քաշված 1000 դրամների գաղափարը շատ ճիշտ է, բայց առանց բանակի գողությունները կանխելու դա սկսելը շատ սխալ է ու անարդար:

Մանրմասները տեսանյութում