Ինչու է կառավարությունը քրեական պատասխանատվություն սահմանել

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 17:13
Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում պարզաբանեց, թե ինչու է կառավարությունը քրեական պատասխանատվություն սահմանում ընտրական գործընթացի ժամանակ սուտ մատնության դեպքերի համար:

Նա նշեց, որ Քրեական օրենսգիրքը շատ հստակ տարանջատում է` որ դեպքն է դիտավորություն, որը՝ անզգուշություն: «Այսինքն` խոսքը վերաբերում է շատ ֆունդամենտալ մի գիտելիքի, որ ամրագրված է օրենսգրքում: Ընդհանրապես, Քրեական օրենսգրքում նկարագրած բոլոր հանցակազմերը ենթադրում են, որ անգամ եթե քաղաքացին չի տիրապետում այդ հանցակազմի էությանը, բայց կատարում է հանցագործություն, ապա նա պատժվում է»,- ասաց նա:

Հարությունյանի խոսքով՝ տվյալ դեպքում խոսքը վերաբերում է սուտ հայտարարությանը: Հարցին, թե ինչպե՞ս է սուտ մատնությունը տարբերակվելու հանցավոր անփութությունից, Հարությունյանը պարզաբանեց. «Դա այն դեպքն է, երբ անձը գնացել է, ստորագրել է, ինքը քվեարկել է, բայց ինչ-որ մեկը կողքից ասում է, որ՝ ոչ, այդ մարդը չի մասնակցել: Եթե մի քիչ կոպտացնեմ հարցադրումը՝ ես վկայում եմ, որ այդ անձը չի մասնակցել քվեարկությանը»:

Ինչ վերաբերում է մտահոգություններին, թե արդյոք այս փոփոխությունները կամայականությունների տեղի չեն տա,  կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանեց, որ եթե քաղաքացին վստահ չէ, որ իր գիտելիքը ճիշտ է, նա պետք է մի քանի անգամ մտածի: Եթե քաղաքացին պարզապես ինչ-որ մեկից լսել է, որ այսինչ մարդը հավանաբար այստեղ չէր և նա չի քվեարկել, ըստ Հարությունյանի, ճիշտ չէ, որ նա հայտարարություն տա:

«Բայց եթե նա ունի 100 տոկոսանոց գիտելիք, օրինակ, իր եղբայրը գտնվում է Մոսկվայում և չէր կարող քվեարկել, դա այլ դեպք է: Խոսքը վերաբերում է նրան, եթե անձն իսկապես ներկայացնում է սուտ տեղեկատվություն»,- հավելեց նա:

Իշխանությունները նման խստացումների են գնում՝ ելնելով այն մտավախությունից, որ նմանօրինակ անպատասխանատու հայտարարությունների պատճառով երկրում կարող են անվավեր ճանաչվել ընտրությունները:

Ըստ Դավիթ Հարությունյանի՝ այդ հայտարարությունների հետևանքը շատ լուրջ է, դրանց  արդյունքներով, անկախ նրանից, անձի հայտնած տեղեկությունը ճիշտ է, թե սխալ, հնարավոր է 48 ժամվա ընթացքում հանձնաժողովը չկարողանա մինչև վերջ ստուգել փաստերը, և ստիպված դա պետք է ընդունել որպես ճշմարտություն: Իսկ դրա հետևանքով երկրում կարող են անվավեր ճանաչվեն ընտրությունները: Հետևաբար, կեղծ հայտարարություններ անողները, նրա խոսքով, պետք է պատասխանատվություն զգան:

Նշենք, որ ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ դրվեց քննարկման: Դավիթ Հարությունյանը հայտարարեց, որ ընդդիմադիր հինգ խմբակցությունների հետ համաձայնություն է ձեռք բերվել:

Նա ԱԺ ամբիոնից ասաց, որ տարանջատվում են կրկնաքվեարկությունների վերաբերյալ դիտավորությամբ ու անփութությամբ արված կեղծ հայտարարությունները

Դիտավորությամբ կեղծ հայտարարությունների դեպքում քրեական պատիժը մնում է նույնը՝ 2-5 տարի, իսկ անփութությամբ արված կեղծ հայտարարության դեպքում պատիժ է սահմանվելու նվազագույն աշխատավարձի 300-ապատիկից մինչև 800-ապատիկի չափով կամ մինչև երկու տարի ազատազրկմամբ:

Ամենաընթերցվածը