Անձնական տվյալների պաշտպանության ոլորտը բարձիթողի վիճակում է. մասնագետ

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 16:39

Անձնական տվյալների պաշտպանության ոլորտը բարձիթողի վիճակում է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նման կարծիք հայտնեց ՀՀ արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանը: Նրա խոսքով, անցկացված հարցումը ցույց է տվել, որ հարցման մա սնակիցների 62 տոկոսին չի անհանգստացնում, թե տարբեր կազմակերպություններին տրամադրած, սոցցանցերում հրապարակած իրենց անձնական տվյալները հետագայում ինչպես են օգտագործվելու, ինչպես են դրանք պահպանվելու:

«Ունենք անձնական տվյալների պաշտպանության մասին օրենք, որը բավական լավն է, սակայն կա այդ օրենքի` ընդամենը մեկ տարվա կիրառման պրակտիկա: Կարող ենք ասել, որ այսօր անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից թե քաղաքացիների, թե կառույցների շրջանում կա իրազեկվածության ցածր մակարդակ: Քաղաքացիների անիրազեկությունը խիստ անհանգստացնում է: Նրանցից շատերը չեն հետաքրքրվում, թե իրենց անձնական տվյալները ո՞ւմ են վստահում, կոնկրետ ի՞նչ տվյալներ են վստահում կառույցներին, ի՞նչ են տեղադրում սոցիալական ցանցերում, այդ տվյալներն ինչպե՞ս են օգ տագործվելու: Բազմաթիվ խնդիրներ են ի հայտ գալիս հենց անիրազեկվածության պատճառով»,-ասաց Շուշան Դոյդոյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ անձնական տվյալների պաշտպանության ոլորտը շատ վատ վիճակում է: Ըստ նրա` հանրությունը չի զգում, որ այստեղ խնդիր կա: Որքան էլ օրենք լինի, եթե մարդիկ չեն տեսնում, որ կա խնդիր, միևնույն է, ըստ փորձագետի, դա չի լուծվի:

«Հանրությունը տեղյակ չէ, թե ինչ խնդիրների առջև կարող է կանգնել, եթե իր անձնական տվյալները չպաշտպանվեն… Իսկ խնդիրները շատ են: Եթե դիտարկենք վերջին շրջանում կիբեռհանցագործությունների տվյալները, ապա կտեսնենք, որ դրանք որակական աճ են ապրել: Եթե նախկինում մարդիկ ինտերնետից վիրուս էին ստանում, և դրանով խաթարվում էր համակարգչի աշխատանքը, ապա այսօր իրավիճակը փոխվել է: Անզգուշության պատճառով քաղաքացիները բավական լուրջ տնտեսական վնաս են կրում: Ինչպես գիտեք, տարածվել է վիրուսի մի տեսակ, որը գաղտնագրում է համակարգչի տեղեկատվությունՍ և դրա վերականգնման համար գումար է պահանջվում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Մյուս մտահոգիչ հարցն, ըստ Սամվել Մարտիրոսյանի, կիբեռհանցագործություններում հենց Հայաստանին թիրախավորելն է: «Գրություն է տարածվում, որով օգտատերից պահանջվում է գումար, որպեսզի քրեական գործ չհարուցվի պոռնոգրաֆիկ նյութեր դիտելու համար: Ցավոք, մարդիկ դրան հավատում են: Սրանք ես ընդհանուր օրինակներ ներկայացրեցի, սակայն վտանգները կարող են ավելի լուրջ լինել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը՝ նշելով, որ հասարակության անիրազեկվածության խնդիրը կլուծվի կրթական ծրագրերով, որոնք չեն իրականացվում:

Ամենաընթերցվածը