Արեւը բացվելուց հետո մարդիկ փոխվում են. ՀՀԿ պատգամավորի կանխատեսումը

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 14:54
«Մի քիչ համբերեք և արդյունքը կտեսնեք»,- լրագրողներին ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե նոր կառավարության ծրագիրը կհաջողվի՞, թե նախկինների բախտին կարժանանա:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ էր հայտարարել, որ պայքարելու է ստվերի դեմ, բոլորին հավասար հարկման դաշտ է բերելու, բայց դա չիրագործվեց, ինչո՞վ է տարբերվում այս կառավարությունը, արդյոք խաղի կանոններն ու գործիքներն են փոխվել:

«Այդ գործիքներն օրենսդրությունն է, իսկ օրենսդրությամբ ամեն ինչ նախատեսված է: Եթե կա փոփոխություն օրենսդրության մեջ, ապա կարող են բերել երկու-երեք օրում մենք Ազգային ժողովում դա հաստատենք»,- ասաց նա:

Հարցին, թե բոլորին ստվերից հանելը միայն օրենսդրությա՞ն խնդիր է, թե՞ այլ հարցեր էլ կան, նա պատասխանեց. «Կամքի խնդիր է: Ես ՊԵԿ նոր նախագահի կամքի չափման միավորի չափը չգիտեմ»:

Հակոբ Հակոբյանի խոսքով՝ Հայաստանը փոքր երկիր է, և այս փոքր երկրում բոլորը կարող են ամեն օր իմանալ, թե ինչ է կատարվում: «Մեր մոտ թաքնված բան չի կարող լինել, հետևաբար, ցանկացած քաղաքական գործչի հայտարարությունից հետո մի քանի շաբաթ է պետք, որպեսզի կարողանանք հետո գնահատական տալ: Ես հիմա խուսափում եմ գնահատական տալ, որովհետև գիտեմ, որ մի քանի շաբաթ կանցնի, և դուք այն ժամանակ հարցադրումներ կանեք»,- հավելեց նա:

ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ ամեն օր փոփոխություններ են լինում, և հենց սրանով պետք է բացատրել, որ այսօր իշխանությունները նմանօրինակ հայտարարություններ են անում, թե կտրուկ փոփոոխթյուններ կլինեն:

“Մենք բոլորս փոխվում ենք ամեն օր: Արևը բացվելուց մարդիկ փոխվում են, օրը փոխվում է, մի օր մեծանում են, հոգեբանությունը, սովորույթն ու գործողությունները փոխվում են: Հետևաբար հարցին, թե ի՞նչ է փոխվել, ես ասում եմ՝ փոխվում է ամեն օր: Մեր երկիրը փոքր է, երկու-երեք շաբաթ հետո ցանկացած քաղաքական գործչի հայտարարությունը կարող ենք համեմատել իր արած գործողությունների հետ”,- նշեց Հակոբյանը:

Նա ասաց, որ տնտեսությունում առկա ստվերն այսօր բացասաբար է ազդում մարդկանց կենսամակարդակի վրա: “Եթե ստվերը վերանա, ժողովուրդն ավելի լավ կապրի: Ստվեր դա նշանակում է պետական բյուջե չեկած որոշակի գումար, այդ գումարին չի տիրապետում պետությունն ինքը, չկա այդ գումարը, որ բաշխվի տնտեսությունում”, ասաց նա: