Վարչապետին ակնարկել են, թե մինչեւ երբ է պաշտոնավարելու

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 12:33
ՀՀԿ-ն քննարկել, կառավարությունն էլ ընդունել է կառավարության նոր ծրագիրը, որը քննարկվելու է ԱԺ արտահերթ նիստում:

ՀՀԿ քննարկումից հետո այդ կուսակցության խոսնակ Շարմազանովն ասել է, որ ծրագիրը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմադրույթներից, Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ծրագրային հիմնադրույթներից:

«Ծրագիրն ինքը երկար ռազմավարություն ունի, բայց քանի որ իրավական առումով այս կառավարությունը պետք է գործի մինչև ապրիլյան ընտրությունները, բնականաբար, շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և գոնե փաստացի ու դե յուրե սա վեց ամսվա ծրագիր է, որովհետև հակառակ դեպքում դուք կարող է մեզ մեղադրեիք, որ երկարաժամկետ ծրագրեր ենք գրել, ինչ գիտեք, թե ով է հաջողության հասնելու պառլամենտական ընտրություններում», ասել է նա:

Իր հերթին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ծրագիրն ունի երկու փուլ: Առաջինը կլինի հիմքերի ստեղծումը, և դա հենց վեցամսյա փուլն է: Իսկ վեցամսյա է, որովհետև, ըստ Բաղդասարյանի, դեռևս հայտնի չէ, թե ապրիլից հետո ինչպես պետք է ձևավորվի կառավարությունը, ով պետք է լինի իշխանությունը:

«Ենթադրենք իշխանությունը փոխվում է, լինում է նոր կառավարություն, ապա այս ծրագիրը չպետք է փաթաթվի նորի վզին: Դրա համար բաժանվել է 2 փուլի` կարճաժամկետ և հեռանկարային», ասել է նա:

Ծրագրին անդրադարձել է նաեւ ՀՀԿ կոալիցիոն գործընկերը՝ ՀՅԴ-ն: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հակադարձել է Շարմազանովին, ասելով որ կառավարության նոր ծրագրում արտացոլված է ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը, ծրագրում մոտ 90 տոկոսով և ավելի իրենց համաձայնագրի դրույթներն են ներառվել:

«Այս ծրագիրը վեցամսյա չէ, դրանում տարբեր ժամկետներ կան: Սրանով չի կաշկանդվել ծրագիրը, և վարչապետը ճիշտ է արել: Երկիրը իրավահաջորդ պետք է ունենա, շարունակություն ունենա, չի կարող միայն այդ կարճ ժամկետի համար ծրագիր լինել», ասել է Ռուստամյանը:

ՀՀԿ-ՀՅԴ այս հեռակա «երկխոսությունը» ուշագրավ է: ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանին ու իրեն է վերագրում նոր ծրագիրը, ՀՅԴ-ն հիշեցնում է համատեղ հուշագիրը: Սակայն երկու դեպքում էլ նկատելի է, որ պատասխանատվությունը լիովին թողնվում է կառավարությանը: Եթե ծրագիրը հաջողվում է, ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն իրենց են վերագրելու այդ հաջողությունը, իսկ ձախողման դեպքում մեղավոր է լինելու կառավարությունը:

Պատասխանատվության բաշխումն ու իրացումն իհարկե դրական երեւույթ է պետության ու հասարակության կյանքում, սակայն եթե նկատի առնենք Հայաստանի ներիշխանական հարաբերությունների բնույթը, այստեղ այլ խորքային հանգամանքներ են ի հայտ գալիս: Բանն այն է, որ ծրագրի դրույթների իրականացումը ձեռնտու չէ ՀՀԿ-ին, քանի որ Հայաստանում իրական բարեփոխումը նշանակում է ՀՀԿ-ի քաղաքա-տնտեսական շնորհազրկումը: Հայաստանում անհնար է բարեփոխում անել՝ առանց դիպչելու ՀՀԿ-ի իշխանության շահերին, քանի որ վաղուց ի վեր ՀՀԿ-ի ու Հայաստանի շահերը դարձել են հակամետ:

ՀՅԴ-ն էլ առանձնապես դուրս չէ այս իրավիճակից, քանի որ ՀՀԿ-ի հետ կոալիցիան նշանակում է, որ ՀՅԴ-ին տրվել են տնտեսական ու քաղաքական քվոտաներ, եւ ՀՅԴ-ն լիովին ինտեգրվել է իշխող համակարգի տրամաբանությանն ու կենսագործունեության բնույթին:

Այս պայմաններում, ՀՀԿ ու ՀՅԴ ներկայացուցիչների հայտարարություններն ավելի շուտ ակնարկ են Կարեն Կարապետյանին ու նրա կառավարությանը, թե որքան է նրա պաշտոնավարման ժամկետն ու շրջանակը, կամ դրանց «փուլերը»: Նրան փաստացի 6 ամիս ժամանակ են տալիս, որից հետո պարզ կդառնա՝ նա շարունակելու է պաշտոնավարել, թե ոչ: Դա կախված է լինելու նրանից, թե ինչ ուղղությամբ է գործելու կառավարությունը եւ ում շահերի հաշվին են տեղի ունենալու «համակարգային բարեփոխումները»: