Ազգային ժողովն ընդունեց Ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը

  • Ներքին կյանք - 19 Հոկտեմբերի 2016, 11:39
Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Ընտրական օրենսգրքում լրացումներ կատարելու նախագիծը, որը բխում է «4+4+4» ձևաչափով ձեռք բերված պայմանավորվածություններից: Նախագծին կողմ քվեարկեց 104, դեմ՝ 4 պատգամավոր, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Նախքան քվեարկությունը համաձայնագրին միացած քաղաքական ուժերը դժգոհեցին իշխանության պահվածքից:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ասաց, որ իրենք շատ կարևորում են ձեռք բերված հանաձայնությունը, բայց իշխանության կողմից միտում են տեսնում տապալելու այն: «Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում «դիտավորությամբ սուտ» բառն ավելացնել նախագծում: Համաձայնությունը չեղարկելը նշանակում է, որ զրկվելու ենք ընտրացուցակները հրապարակելու, տեսանկարահանելու գործընթացից, ուրիշի փոխարեն քվեարկելը քրեականացնելուց: Հետևաբար, ԲՀԿ-ն առաջին ընթերցմամբ կողմ է քվեարկում, ՀՀԿ խմբակցության ղեկավարի կողից մեզ խոստացվել է, որ քննարկումները կշարունակվեն առաջինից երկրորդ ընթերցման շրջանում, եթե չգանք համաձայնության, երկրորդ ընթերցմանը չենք մասնակցելու»,- ասաց նա:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրյանը նշեց, որ հիմնական զեկուցողի կողմից որևէ միտում չկա, կան մասնագիտական տարբեր մոտեցումներ: «Մենք նոր հավաքվեցինք հինգ ուժերով, քննարկեցինք, մեկ հարցի շուրջ կան տարբեր մասնագիտական մոտեցումներ: Ես հորդորում եմ կողմ քվերակել առաջին ընթերցմանը, հետո կշարունակվեն քննարկումները»,- նշեց նա:

ՀԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանը նշեց, որ իրենք ոչ թե դեմ են նախկինում ձեռք բերված համաձայնությանը, այլ նախագծում դրա արտացոլմանը: Նա նշեց, որ «սուտ մատնությունը» և «անզգույշ մեղքը» նույնականացվում են, ինչն անընդունելի է քրեական պրակտիկայում:

Պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը համաձայնագիրն ստորագրած ուժերին կոչ արեց դեմ քվերակել նախագծին, թող կառավարությունը անի այդ փոփոխությունը, նոր կողմ կքվեարկեն:

Ամենաընթերցվածը