Կարապետյանների ընտանիքը հերքում է «Հին Էրիվան»-ում Սամվել Կարապետյանի հնարավոր ներդրումների մասին լուրը

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 18:34
Կարապետյանների ընտանիքը հերքում է «Հին Էրիվան»-ում Սամվել Կարապետյանի հնարավոր ներդրումների մասին լուրը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակից։

Հաղորդագրության մեջ նշված է. «Այսօր  լրատվամիջոցներով տեղեկություն էր տարածվել, թե իբր կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու՝ նպատակ ունենալով  «կառուցել «Հին Էրիվանը», որպես պատմամշակութային ուրույն դիմագիծ` հարակից պրոյեկտներով»: Հարկ ենք համարում տեղեկացնել, որ թե այս, թե նախկինում շրջանառության մեջ դրված համանման այլ հրապարակումները իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Դրանք առավելապես միտված են արհեստական սպասումներ առաջացնելուն: 

Բոլոր ծրագրերը, որոնք անցած տարիներին կյանքի են կոչվել «Տաշիր Գրուպի», «Տաշիր» բարեգործական հիմնադրամի և Կարապետյանների ընտանիքի կողմից, պատշաճ կարգով ներկայացվել են մեր հանրությանը՝ առանց ավելորդ զգացմունքայնության և ճոռոմաբանության: Այսուհետ ևս բոլոր նախատեսվող և իրականացված ծրագրերի ու ներդրումների մասին կտրվի համապատասխան իրազեկում: Այնպես որ, խնդրում ենք մեր հայրենակիցներին՝ չհավատալ այսպես կոչված «հավաստի տեղեկություններին» կամ «մեր աղբյուրներին» կատարված հղումներով հրապարակումներին և ապավինել բացառապես մեր կողմից ներկայացվող պաշտոնական տեղեկություններին»:

Ամենաընթերցվածը