Հայաստանում տեքստիլ արդյունաբերությունը զարգացման ներուժ ունի

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 16:56
Հոկտեմբերի 17-ին «Երևան էքսպո» կենտրոնում իրականացվեց նոր նախագիծ` «Թեթև արդյունաբերության միջազգային համաժողով, ցուցահանդես, նորաձևության օրեր» («Light Industry International Trade Show: Congress, Exhibition, Fashion Days») խորագրով:

Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Գարեգին Մելքոնյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը, այլ բարձրաստիճան հյուրեր և դիվանագիտական ներկայացուցիչներ:

Բացման ժամանակ իր ելույթում Գարեգին Մելքոնյանը ընդգծեց Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացման կարևորությունը: Վերջինս նշեց, որ մեր երկիրը մեծ պոտենցյալ ունի տեսքսիլ արդյունաբերության զարգացման ոլորտում հաշվի առնելով խորհրդային տարիների կուտակած փորձն ու ներուժ, հետևաբար հավաքելով ոլորտի ներկայացուցիչներին և արտադրողներին հնարավորություն է տրվում գործընկերային կապերի հաստատման, ինչպես նաև հայկական արտադրանքի առաջխաղացման:

Միջոցառման շրջանակներում անցկացվեցին վարպետության դասեր ոլորտի ներկայացուցիչների, ուսանողների և շահագրգիռ կազմակերպությունների համար: Ելույթներով հանդես եկան պրոֆեսոր Լիդիա Օռլովան Ռուսաստանից, ոճաբան, մարկետինգի մասնագետ Լուսինե Այանյանը Էստոնիայից, Նուռը (Արման Դավթյան) և Լիլիթ Շահումյանը (By Lilit ապրանքանիշ) Հայաստանից:

Ներկայացվեցին նաև «Տերյան» մշակութային կենտրոնի դիզայներ Լիլիթ Մելիքյան «Անցյալի ապագան»,  “Toko’s- Paris” ընկերության “Nostalgie”, դիզայներ Ելենա Պեմիրալ “Fashionable fur kaleidoscope” դիզայներական հավաքածուները:

Միջոցառման հիմնական առանցքը արդյունաբերության ոլորտի ողջ արժեշղթայի ներկայացումն էր՝ թելից մինչև պատրաստի հագուստի արտադրություն, այդ թվում նաև կաշվե իրեր, գլխարկներ, զարդ և աքսեսուարներ:

Միջոցառումը նպատակաուղղված է խթանելու Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտի զարգացումը, նախանշելու տարածաշրջանային համագործակցության հեռանկարները, բացահայտելու նոր շուկաներ մուտք գործելու առկա հնարավորությունները, ինչպես նաև ձևավորելու գործընկերային հարաբերություններ ու նպաստելու փորձի փոխանակմանը:

Նախագծի համակազմակերպիչներն են՝ «Ատեքս» նորաձևության կենտրոնը, «Սիգնում» ընկերությունը և Ուրալի առևտրաարդյունաբերական պալատը։

Նախագծի իրականացմանն աջակցություն են ցուցաբերել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունը և Հայաստանի թեթև արդունաբերության գործատուների միությունը:

Ամենաընթերցվածը