Հունագիտական և հայագիտական կենտրոններ` համալսարաններում

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 16:49
ՀՀ կրթության և գիտության  նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Նաֆսիկա-Նենսի Էվա Վրայլային:

Շնորհավորելով նորանշանակ դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելություն սկսելու կապակցությամբ` նախարար Լևոն Մկրտչյանը համոզմունք է հայտնել, որ կրթության բնագավառում Հունաստանի հետ մեր հարաբերությունները զարգացման նոր մակարդակ կարձանագրեն և այդ համատեքստում` կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն  ուղղված գործնական քայլերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ` դեսպան Էվա Վրայլան կարևորել է մեր երկու բարեկամ պետությունների հարաբերությունների դինամիկ զարգացման գործում կրթության դերը:

Հանդիպման հիմնական առանցքում եղել է Հայաստանի  և Հունաստանի կառավարությունների  միջև 2016-2020թթ. կրթության և հետազոտությունների բնագավառում համագործակցության մասին ծրագիրը, որի վերաբերյալ փաստաթուղթը ստորագրվել է այս տարվա մարտին Հունաստանում: Համաձայն ծրագրի, համատեղ կրթական ծրագրեր իրականացնելու նպատակով, նախատեսվում է ակտիվացնել բարձրագույն և հետազոտական հաստատությունների միջև հետագա համագործակցությունը, իրականացնել կրթաթոշակների փոխանակում: Հայաստանում հունարեն լեզվի և մշակույթի, իսկ  Հունաստանում հայոց լեզվի և մշակույթի տարածման ու զարգացման նպատակով նախատեսվում է համալսարաններում հիմնադրել համապատասխանաբար` հունագիտական և հայագիտական  կենտրոններ:

Կողմերի հավաստմամբ` ծրագրի իրականացումը նոր թափ կհաղորդի կրթության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և զարգացմանը: Միաժամանակ, պատրաստակամություն է արտահայտվել ձեռնարկել անհրաժեշտ քայլեր ՀՀ Ազգային Ժողովի կողմից նշված փաստաթղթի վավերացումը, հնարավոր սեղմ ժամկետումներում, ապահովելու համար: