Շուտով կտրուկ քայլեր կլինեն

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 16:39
«Այս կառավարության ծրագրում քայլերն ավելի են կտրուկացել»,- այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա նշեց, որ նոր կառավարության ծրագրում նախորդ կառավարությունների ծրագրերից դրույթներ ևս ներառված են, բայց այն ունի երկու փուլ: Առաջինը կլինի հիմքերի ստեղծումը, և դա հենց վեցամսյա փուլն է: Իսկ վեցամսյա է, որովհետև, ըստ Բաղդասարյանի, դեռևս հայտնի չէ, թե ապրիլից հետո ինչպես պետք է ձևավորվի կառավարությունը, ով պետք է լինի իշխանությունը:

«Ենթադրենք իշխանությունը փոխվում է, լինում է նոր կառավարություն, ապա այս ծրագիրը չպետք է փաթաթվի նորի վզին: Դրա համար բաժանվել է 2 փուլի` կարճաժամկետ և հեռանկարային»,- ասաց նա:

Ըստ Բաղդասարյանի՝ բավական հաջողված և ռիսկային էլեմենտներ կան կառավարության նոր ծրագրում, քանի որ կան կտրուկ քայլեր, որոնք պետք է անպայման իրագործվեն:

«Ինձ թվում է, որ այլ տարբերակ չկա, մեր ամբողջ թիմը, ամբողջ քաղաքական դաշտը, նաև ընդդիմադիր դաշտը, երբ ծանոթանան ծրագրին, պետք է լծվեն այն կյանքի բերելու գործին»,- հայտարարեց նա: