«Իսկ ես նրան ծեծեցի...». Հետաքրքիր պատմություն Ազգային ժողովում

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 15:24
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր անդրադարձել է Ալիեւի այն հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստ է ինքնավարություն տրամադրել Լեռնային Ղարաբաղին, Ադրբեջանի տարածքային ամբողջության շրջանակում:

«Արցախն այսօր կայացած ժողովրդավարական հանրապետություն է, հարկ եղած դեպքում ժողովրդավարության դասեր կտա սուլթանական Ադրբեջանին: Մեզ համար ամենակարևորը կարգավիճակի հարցն է: Արցախը ոչ մի կարգավիճակում չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը պարոն Չեմբեռլենին», ասել է Շարմազանովը:

«Պարոն Չեմբեռլենը» տվյալ դեպքում ենթադրվում է Ալիեւն է, իսկ այդ արտահայտությունը Ոսկե հորթը հայտնի ֆիլմից է, այն դրվագից, երբ Օստապ Իբրահիմովիչ Բենդերը Շուրա Բալագանովին առաջարկում է մահախոսական կարդալ Պանիկովսկու գերեզմանին:

«Միջազգային դրությունը... մեր պատասխանը Չեմբեռլենին... իսկ ես նրան ծեծեցի կշռաքարերի համար...», լացակումած ճառում է Բալագանովը:

1927 թ. Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենը նոտա էր հղել խորհրդային կառավարությանը, պահանջելով դադարեցնել հակաբրիտանական քարոզչությունը: Ի պատասխան, սովետական ժողովուրդը գործարաններում, կոլխոզներում ժողովներ ու բողոքի ցույցեր էր անում «մեր պատասխանը Չեմբեռլենին» կարգախոսով:

Ինքը Բալագանովը գրպանահատ էր ու շորթող: Բենդերը նրան հարցնում է՝ որքան է պետք ձեզ երջանիկ լինելու համար: Նա պատասխանում է՝ 100 ռուբլի: Բենդերը տալիս է 50.000, որպեսզի հրաժարվի իր սովորությունից, բայց տրամվայում Բալագանովը միեւնույն է մտնում է քաղաքացու գրպանն ու բռնվում:

Բենդերը նույնպես այդ ոլորտի «մարտիկ» էր, սակայն ավելի բարձր մակարդակով էր անում գործերը, ցուցաբերելով քաղաքական ու տնտեսական որոշակի հմտություններ, խաղալով ներքին ու արտաքին քաղաքական իրողությունների «բացերի» վրա:

Ոչ պակաս հետաքրքիր կերպար էր նաեւ «եռյակի» մյուս անդամը՝ հռչակավոր կույր ու հմուտ սագագող Պանիկովսկին, ով մեռնում է հյուծիչ ավտոդորի ժամանակ, չդիմանալով զրկանքներին: Նրա գերեզմանին Բալագանովն արտաբերում է իր հուզիչ ճառը, իսկ Բենդերը հակադարձում է, որ ծերուկը բարոյական մարդ չէր՝ նա ցանկանում էր ապրել հասարակության հաշվին, իսկ հասարակությունը դա չէր հանդուրժում:

Այսպես է ավարտվում այս հետաքրքիր պատմությունը: