«Գյադեք էս յան, գյադեք էն յան». ՀՀԿ խմբակցության ղեկավարը ծաղրեց ընդդիմադիրներին

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 14:51
ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ընտրական գործընթացների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի արած հայտարարություններին:

Նա նախ հեգնեց Ժառանգություն խմբակցությանը՝ նշելով, որ ափսոսում է, որ 4+4+4 ձևաչափով համաձայնագրին միացած ընդդիմադիր կուսակցությունները հինգ են, իսկ վեցերորդը փոշիացվեց: Ու այդ խմբակցության միակ անդամն այսօր խոսում է ՀՀԿ փոշիացումից:

“Ձեր աչքի առաջ ափսոս խմբակցությունը փոշիացավ, հիմա էլ սկսում է կուսակցությունը փոշիանալ, բայց խոսում են 71 պատգամավոր ունեցող ֆրակցիայի փոշիացման մասին”,- ասաց Բաղդասարյանը:

Նա կոչ արեց ընդդիմադիր ուժերին զբաղվել ինքնաքննադատությամբ, հետևություններ անել իրենց սխալներից: Անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին, ով խոսել էր ընտրությունների ժամանակ ՀՀԿ կողմից բաժանվող կաշառքի մասին:

Վահրամ Բաղդասարյանը հարցադրում արեց. “Ամբողջ Վանաձորում ձեզ 400 հոգի ձայն տվեց, այսինքն՝ բոլորը կաշավա՞ծ էին, միայն այդ 400 էին անկաշա՞ռ: Հիմիկվանից արդեն սկսել եք մրոտել հաջորդ ընտրական գործընթացը”:

Նա կոչ արեց հանգիստ թողնել Գյումրիի ու Վանաձորի քաղաքապետերին, թող այդ մարդիկ իրենց գործով զբաղվեն:

Այնուհետև նա դիմեց Լուսավոր Հայաստան, Հայկական վերածնունդ ու Բարգավաճ Հայաստան կուսակցությունների անդամներին. «Գնացեք և ուշադիր նայեք ձեր ավագանու անդամների ցուցակը, այնտեղ քանի՞ քաղաքական մարդ կա, որ խոսում եք քաղաքական ու գաղափարական գործունեության մասին: Այնտեղ մի ընտանիքից երեք տարբեր մարդիկ երեք տարբեր ցուցակներում են: Եվ ընդ որում շատ ամուր ընտանիքներ են այդ ընտանիքները: Այլ խնդիր է, որ եթե դուք այնքան քաղաքական կամք ունենայիք, որ այդ ցուցակները կազմեիք քաղաքական մարդկանցով և կազմեիք կոալիցիա, դուք իրավունք ունեիք պահանջելու, որ այդ մարդիկ իրենց քաղաքական պայմանավորվածությունները խախտեցին: Քաղաքական պայմանավորվածությունները խախտում են քաղաքական գործիչները»:

ՀՀԿ խմբակցության ղեկավարը նշեց նաև, որ մեկ ժամվա ու մեկ ամսվա քաղաքական ամուսնությամբ ընդդիմադիր ուժերը չեն կարող խաբել ժողովրդին ու մոլորության մեջ գցել:

“Եվ ես խնդրում եմ քաղաքական աղտոտված ձեռքերը հեռու պահեք լոռեցիներից, լոռեցիներին պիտակներ մի տվեք, այդ մարդիկ գիտեն իրենց գործը, նրանք գնացել են իրենց ավագանու ցուցակում ընդգրկվելու համար, չեն գնացել ձեր քաղաքական երազանքներն ի կատար ածելու համար”,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը նաև ծաղրեց այն ուժերին, ովքեր իրենց ոչ իշխանական են անվանում: «Ձեզ երբ պետք է իշխանական եք, երբ պետք է՝ ոչ իշխանական, երբ պետք է՝ կիսաիշխանական: Մի հատ կողմնորոշվեք, ոչ թե մեկ գիշերվա մեջ Երևանից եկեք հուշագիր ստորագրեք ու էդ տղերքին ասեք՝ գյադեք էս յան, գյադեք էն յան: Դուք չեք կարող լոռեցիներին էդ ձև բան անել: Նրանք դավաճաններ չեն, ձեր ավագանու անդամներին գնացեք ու ուշադիր ուսումնասիրեք, դուք չեք կարող նրանց թելադրել»,- ասաց նա:

Բաղդասարյանը նշեց, որ Վանաձորի ընտրությունների շուրջ միավորված երեք ուժերը նախընտրական շրջանում միմյանց հասցեին հայհոյանքներ էին հնչեցում, բայց հանկարծ մեկ գիշերվա մեջ որոշեցին ամուսնանալ և լոռեցի ավագանու անդամներին թելադրել, թե ում ձայն տալ: Այդպես չի լինում:

“Խոսում եք մարդագողության մասին, մենք մարդագողությամբ չենք զբաղվել, իսկ դուք զբաղվել եք մարդաորսությամբ, որ ձայներ հավաքեք ու ձեր դեմքը պահեք: Ես ձեզ պաշտոնական հայտարարում եմ՝ եթե հինգ օր էլ անցավ, չգտաք մեղավորներին, սկսելու եք մեկդ մյուսին անվանական մեղադրել, և մի հատ խայտառակ իրավիճակ է լինելու: Կարող է մենք էլ անզոր լինենք ձեզ հաշտեցնելու համար, հաշտ ու խաղաղ ապրեք իրար հետ”,- ընդդիմադիր ուժերին դիմեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը: