Արմեն Ռուստամյանը հակադարձեց Շարմազանովին կառավարության ծրագրի հարցով

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 13:34
Կառավարության նոր ծրագրում արտացոլված է ՀՀԿ-ՀՅԴ համաձայնագիրը, այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա հավելեց, որ այս ծրագրում մոտ 90 տոկոսով և ավելի իրենց համաձայնագրի դրույթներն են ներառվել:

Ռուստամյանն ասաց, որ շատ բաներով է այս ծրագիրը տարբերվում նախորդ կառավարությունների ծրագրերից:  Նախ և առաջ արտացոլում է երկու քաղաքական ուժերի հուշագիրը, բացի այդ շատ կոնկրետություններ կան դրանում, որոնք չափելի ու շոշափելի են:

Նա հակադարձեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին, թե այս կառավարության ծրագիրը վեց ամսվա ծրագիր է, քանի որ 2017 թվականի գարնանը նոր կառավարություն է ձևավորվելու:

«Այս ծրագիրը վեցամսյա չէ, դրանում տարբեր ժամկետներ կան: Սրանով չի կաշկանդվել ծրագիրը, և վարչապետը ճիշտ է արել: Երկիրը իրավահաջորդ պետք է ունենա, շարունակություն ունենա, չի կարող միայն այդ կարճ ժամկետի համար ծրագիր լինել»,- հայտարարեց Ռուստամյանը:

Ըստ նրա՝ քննարկվել է հարցը, որ ծրագիրը պետք է համապատասխանի համաձայնագրին ու առկա իրավիճակին, որպեսզի իրականացվելիք քայլերն իսկապես լինեն հակաճգնաժամային բնույթի՝ ելնելով առկա իրավիճակից:

Իսկ եթե Կարեն Կարապետյանի գլխավորությամբ այս կառավարությունն էլ ձախողվի, ապա, ՀՅԴ խմբակցության ղեկավարի խոսքով, դա կլինի ամբողջ երկրի ձախողումը, ոչ թե ՀՀԿ-ի կամ ՀՅԴ-ի:

Ամենաընթերցվածը