Մտել եք այդ խաղադաշտ ու հենց այդտեղ էլ պարտվել եք. Արմեն Ռուստամյանը՝ Վանաձորի ավագանու քվեարկության մասին

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2016, 13:19
ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ ասաց, որ օրենքներով ստեղծվում է հնարավորություն, բայց այն իրականություն դառնում է մարդկանցով: «Ցանկացած օրենսգիրք, ինչքան էլ լավը լինի, չի կարող ապահովել այնպիսի միջավայր, որ ինքն իրեն բոլոր խնդիրները լուծվեն արդար, ընտրակեղծիքներ չլինեն: Բազմիցս ասել ենք, որ դուք՝ որպես քաղաքական ուժ, եթե մարդ չունեք ընտրատեղամասերում, մեկ աչք չկա, որը վերահսկում է, ինչ ուզում ես էնտեղ գրի, միևնույն է: Եթե տեղամասում գալիս են հանցավոր համաձայնության, կարող են ամեն ինչ էլ անել: Դրա համար մենք հնարավորություններ ենք այսօր ստեղծում, գործիքներ ենք ավելացնում, որպեսզի ովքեր դա կարողանում են օգտագործել, նախ հասկանան, թե դա ինչպես պետք է օգտագործվի ընտրությունների ժամանակ»,- ասաց նա: Ռուստամյանը հավելեց, որ մարդիկ, ովքեր կողմ են եղել իրենց հայտարարությանը, հիմա այդ հայտարարությանը դեմ են խոսում:

Նա անդրադարձավ Վանաձորի քաղաքապետի սկանդալային ընտրություններին: «Այստեղ հայտարարություններ եղան, որ մեղավոր է Սահմանադրությունը, մեղավոր են բոլորը, բացի մեզնից: Եթե մենք այսպես շարունակենք, մենք ոչ մի տեղ էլ չենք հասնի: Մենք եղել ենք այն քաղաքական ուժը, որը շատ անկեղծ խոսել է մեր բացթողումների մասին այդ երկու քաղաքներում: Այնպես չէ, որ եթե չի ստացվել, միշտ մեղավոր են իշխանությունները, Սահմանադրությունը: Միգուցե մի հատ դառնանք ու մի պարզ հարցի պատասխանենք՝ էդ ինչպե՞ս եղավ, որ ընդդիմությունը մեծամասնություն ունենալով՝ ընդդիմության մեծամասնությունը չվերածվեց ընդդիմադիր ավագանիների մեծամասնության: Տրվել է այդ հնարավորությունը, ինչո՞ւ դա չօգտագործվեց, սրա մասին խոսենք: Գյումրիի մասով համաձայն եմ, որովհետև օրենսգիրքը տեղ թողնում է, որ դա տեղի ունենա, այդ բոնուսը պետք է վերացվի»,- ասաց նա:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ նոր Ընտրական օրենսգիրքն ու Սահմանադրությունը հնարավորություն են տվել, որ ընդդիմության ձայները գումարվեն, այդ ձայները գումարվել են, իսկ նախկինում դա հնարավոր չէր անել: Այս հսկայական փոփոխությունները, նրա խոսքով, բերել է նրան, որ առաջին անգամ իշխանությունը չի կարողացել մեծամասնություն լինել:

«Եվ սա համարում եք հետընթա՞ց: Էն, ինչը դրական է, գոնե եկեք այդ փայփայենք ու պահենք»,- հորդորեց Ռուստամյանը:

Նա նշեց, որ տրոյական ձիու պատմությունը հայտնի է բոլորին. «Կարող է դուք տրոյական ձիեր եք ստացել ձեր ցանկերի մեջ: Հիմա զարմացել եք, որ Տրոյան ընկե՞լ է: Տրոյական ձիեր էլ ստացաք, և այդ մարդիկ կարող է չեն էլ դավաճանել, կարող են ասել՝ ի՞նչ ենք արել, երդում չենք տվել, որ պետք է ծառայենք ձեզ, գնացել եմ, իմ խնդիրներն եմ լուծել: Էդ մարդուն չես էլ կարող դավաճան անվանել: Բայց քաղաքական առումով 18-ը դառնում է 14, սա պետք է վերլուծվի: Հեշտ է ասել՝ իշխանություններն են արել: Իշխանությունները հա էլ կարող են այդպես անել, բայց ցանկացած ուժ պետք է իր անդամներին պահի, իր էլեկտորատն ամրագրի, գաղափարական աշխատանք տանի: Անձանց որս եք կատարում, ինչպես ցույց տվեցին այդ ընտրությունները, բայց այդ անձանց որսի ձևերին բոլորից լավ տիրապետում են իշխանությունները: Բա մտել եք այդ խաղադաշտ ու հենց այդտեղ էլ պարտվել եք»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը