ՀՀԿ խոսնակը ներկայացրել է նոր կառավարության ծրագիրը

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 22:11
Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ կառավարության ծրագրի քննարկումը:  Խորհրդի նիստին նախորդել է ՀՀԿ ԳՄ նիստը, վարչապետ Կարեն Կարապետյանը ԳՄ և խորհրդի անդամներին ներկայացրել է կառավարության ծրագրի նախնական տարբերակը:

Այս մասին նիստերից հետո հետո լրագրողներին ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Եղան տասնյակից ավելի հարցեր, մենք դեռևս ունենք մեկ-երկու օր ժամանակ, որպեսզի քննարկենք և ունենանք կառավարության ծրագրի վերջնական տարբերակը: Բայց հիմնականում պետք է նշեմ, որ ծրագիրը բխում է ՀՀ նախագահի ծրագրային հիմադրույթներից, նախագահ Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 12-ի ծրագրային հիմնադրույթներից, որտեղ,հաշվի առնելով սահմանադրական բարեփոխումները և նոր իրականությունը՝ պարոն նախագահը մատնանշում է երկրում բարեփոխումների իրականացումը հանրային բոլոր ոլորտներում: Եվ, բնականաբար, Կարապետյանի կառավարության ծրագիրը պետք է ունենար ազդակներ, որոնք բխում են նախագահի ծրագրային դրույթից»,- ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով՝ կառավարության ծրագրում կան առաջնահերթություններ, որոնցից առաջինն այն է, որ այսօր մեր հանրային կյանքի բոլոր ոլորտները կարիք ունեն համակարգային բարեփոխումների: Ինչպես նախկինում, այս ծրագրում ևս, ըստ Շարմազանովի, լուրջ տեղ է հատկացվում ՀՀ ներքին և արտաքին անվտանգությանը:

Այստեղ կարևորվել է անվտանգության համակարգի ամրապնդումը, մարտահրավերներին դիմակայումը:

Ինչ վերաբերում է ԼՂ հիմնախնդրին, ապա Շարմազանովն ասաց, որ այս հարցում կառավարության ու իշխող քաղաքական դիրքորոշումը մնում է նույնը՝ պետք է քայլեր ձեռնարկվեն բանակցությունների միջոցով և Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով հասնելու խնդրի խաղաղ կարգավորմանը, և ՀՀ նպատակն է Արցախի միջազգային ճանաչումը:

«Շատ կարևոր է նաև այս ծրագրում տնտեսական բարեփոխումների ծրագիրը: Ծրագիրն ինքը երկար ռազմավարություն ունի, բայց քանի որ իրավական առումով այս կառավարությունը պետք է գործի մինչև ապրիլյան ընտրությունները, բնականաբար, շատ կոնկրետ է ամեն ինչ գրված, և գոնե փաստացի ու դե յուրե սա վեց ամսվա ծրագիր է, որովհետև հակառակ դեպքում դուք կարող է մեզ մեղադրեիք, որ երկարաժամկետ ծրագրեր ենք գրել, ինչ գիտեք, թե ով է հաջողության հասնելու պառլամենտական ընտրություններում: Բայց այնուամենայնիվ հաջողության հասնելու դեպքում այստեղ ապագա ռազմավարության մասին խոսք կա: Տնտեսության հիմնախնդիրներն են մեզ համար շատ կարևոր: Պետք է քայլեր ձեռնարկվեն, և կառավարությունը, և իշխող կուսակցությունն անելու են հնարավորը, որպեսզի ներդրումային առողջ միջավայր ձևավորվի, օգտագործվեն հայ ազգի ամբողջ մտավոր ու ֆինանսական ներուժը»,- ասաց նա:

Ըստ Շարմազանովի՝ այս կառավարության ծրագրում առանձնակի ուշադրության է դարձվելու կրթությանը, մարզային ու գյուղական դպրոցների խնդրին:

Կոռուպցիայի դեմ պայքարը ևս նախանշված է կառավարության ծրագրում: Կառավարությունն առաջարկում է քաղաքական մեծամասնության հետ միասին իրականացնել նաև օրենսդրական բարեփոխումներ՝ կոռուպցիայի դեմ ավելի արդյունավետ պայքարելու համար: Տնտեսության, սոցիալական արդարության, կրթության խնդիրները, ազգային անվտանգությունը, ներքին ու արտաքին անվտանգությունը, մեր հասարակության մեջ արդարության ամրապնդումը, ըստ Շարմազանովի, այն կարևոր հիմադրույթներն են, որոնք կառավարության նախնական ծրագրում առկա են:

Պատասխանելով լրագրողների հարցին, թե վեց ամսում հնարավո՞ր է էական արդյունքի հասնել, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այս կառավարության ծրագիրը կոնկրետ թիրախներ է ընտրել, և ինքը կարծում է, որ ճիշտ, նվիրված ու պատասխանատու աշխատանքի արդյունքում հնարավոր է հասնել որոշակի դրական տեղաշարժի:

Կառավարության նիստում այս ծրագիրը պետք է հաստատվի, որից հետո այն հինգշաբթի կամ ուրբաթ օրը կներկայացվի ԱԺ քննարկմանը: Նախատեսվում է, որ ուրբաթ երեկոյան խորհրդարանում կավարտվեն ծրագրի քննարկումները, կլինի քվեարկություն, քանի որ հոկտեմբերի 23-ը ժամկետի վերջին օրն է: