Մեկ միլիմետր անգամ իշխանությունը չի ցանկանում գնալ զիջումների. Նաիրա Զոհրաբյան

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 17:48
ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը խորհրդարանում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ Վանաձորի քաղաքապետի ընտրություններին՝ հարցադրում անելով՝ ընտրացուցակների հրապարակումը ի՞նչ է տալու:

«Մենք կարո՞ղ ենք ասել, որ դրանով մենք այլևս կարող ենք արձանագրել, որ վերջ, ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները լինելու են նրանկախ Հայաստանի պատմության ամենաազատ, արդար ու թափանցիկ ընտրությունները: Իհարկե, ոչ: Ինչո՞ւ ոչ, որովհետև շատ էր խոսվում, որ՝ եկեք այս նոր Սահմանադրությունը փոխենք և կտեսնեք, թե առաջին ՏԻՄ ընտրությունները, որ տեղի ունենան, կտեսնեք, թե ինչպես է աշխատում նոր Սահմանադրությունը, ինչպիսի իրական հակակշիռներ է բերելու, ինչպես է բարձրանալու քաղաքական ուժերի դերը: Տեսանք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում և հատկապես Վանաձորում: Ես չեմ ցանկանում այստեղ խոսել այդ արատավոր մարդ գողանալու երևույթի մասին: Իհարկե, Բարգավաճ Հայաստանն ունի բոլոր ապացույցները, որ մեր ավագանու անդամները պահել են պայմանավորվածությունը: Վստահ եմ, որ Լուսավոր Հայաստանը երբևէ դա չի հերքի»,- ասաց նա:

Զոհրաբյանը նշեց, որ իր համար բացարձակ կարևոր չէ, թե որ կուսակցությունից են մարդ գողացել, հարցը բոլորովին այլ է, երևույթն է, որ մեկ տեղ անգամ, մեկ միլիմետր անգամ իշխանությունը չի ցանկանում գնալ զիջումների:

«Ի վերջո, այո, ցանկացած կուսակցությունում միշտ էլ կարելի է գտնել մարդ կամ մարդիկ, որոնց կարելի է վախեցնել, ահաբեկել, կաշառել, կոմպրոմատների փաթեթ դնել դեմը, խնդիրն այդ մասին չէ: Ինձ համար այս պահին հարցի արժեքն այն է, որ իշխանությունը պատրաստ չէ մեկ թիզ անգամ զիջելու, այլապես մենք Վանաձորում այլ պատկեր կունենայինք: Իշխանությունն ինքն էլ կարող էր ապացուցել, թե ոնց աշխատեց Սահմանադրությունը, և մենք այսօր կունենայինք ընդդիմադիր քաղաքապետ»,- ասաց նա:

Այնպես որ, ըստ Նաիրա Զոհրաբյանի, պետք չէ շատ մեծ հույսեր կապել, թե ստորագրված ցուցակների հրապարակումը կամ տեսանկարահանումն ու օնլայն հեռարձակումը լինելու է դարման այս ընտրական խայտառակ համակարգին: «Բայց եթե կա մեկ քայլ առաջ տարբերակ, պետք է դա պաշտպանել, բայց մենք բոլորս էլ հասկանում ենք՝ քանի դեռ իշխանությունը կյանքի գնով արել է ու անելու է ամեն ինչ, որ մեկ միլիմետր որևէ բան չզիջի, ամենաիդեալական ընտրական օրենսգիրքը չի լուծելու որևէ խնդիր»,- ասաց նա:

Ամենաընթերցվածը