Տարոն Մարգարյան. «Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը»

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 17:43
Աշխատանքային խորհրդակցության  ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել է վերջին շրջանում մամուլում տեղ գտած այն հրապարակումներին, որոնց համաձայն այս կամ այն հասցեում շինարարություն է իրականացվում՝ առանց շինարարական թույլտվության:

«Քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող այս կամ այն շինարարական գործընթաց գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ: Հետևաբար, նման անհարկի քննարկումներից խուսափելու համար քաղաքացիներին մատչելի կերպով ներկայացրեք շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները, առավել ևս, որ մենք բավականին պարզեցրել ենք դրանք: Համոզված եմ, եթե քաղաքացին տեղյակ լինի, որ օրինակ տանիքի նորոգման համար անհրաժեշտ է նախ թույլտվություն ստանալ և, որ տվյալ թույլտվության համար երկար ժամանակ չի պահանջվում, ապա միանշանակ կդիմի ու չի գնա ապօրինության: Դրանով նա նախ կխուսափի վարչական պատասխանատվությունից, և իր կողմից իրականացվող աշխատանքը չի դիտարկվի որպես անօրինական շինարարություն: Շատերը տեղյակ չեն, որ պարզեցվել է քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործընթացը, և որ նույնիսկ կարելի է դիմել էլեկտրոնային տարբերակով:  Ըստ այդմ, քայլեր  ձեռնարկեք հասարակության շրջանում իրազեկվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ», ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Պատասխանատուներին հանձնարարվել է ակտիվացնել աշխատանքները տվյալ գործընթացի վերաբերյալ քաղաքացիների իրազեկման շրջանում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն