Դավիթ Հարությունյանը ներկայացրեց ԸՕ նոր կետերը, որոնք քննարկման են դրվել ԱԺ-ում

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 16:48
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվում է Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Սրանք այն փոփոխություններն են, որոնք ձեռք են բերվել 4+4+4 ձևաչափի շրջանակներում՝ իշխանության, ընդդիմության և քաղհասարակության միջև:

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով փոփոխությունները, հիշեցրեց, որ որոշվել է կանգ առնել հետևյալ մոդելերի վրա: Նախևառաջ, վերականգնվում է ընտրական ցուցակներում ընտրողների կողմից ստորագրելու պարտականությունը, և ստորագրված ցուցակները առանձին փաթեթավորվելու են, ներկայացվելու են տարածքային ընտրական հանձնաժողով, որից հետո դրանք պետք է 24 ժամվա ընթացքում սկանավորված վիճակով հրապարակվեն ԿԸՀ կայքի առանձին բաժնում: Սա կառավարությունն առաջին կարևոր փոփոխությունն է համարում:

«Ուզում եմ միանգամից կանխել հնարավոր հարցերը, որոնք հնչելու են: Այո, սա Վենետիկի հանձնաժողովի սահմանած սկզբունքներից շեղում է, սակայն, մենք երկար քննարկելուց հետո հանգեցինք այն եզրակացությանը, որ այս փուլում վստահությունը շատ ավելի կարևոր է, այդ սկզբունքի խախտումը պակաս կարևոր է, և որոշեցինք գնալ այդ ճանապարհով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Նախագծով նաև սահմանվում է՝ եթե ըստ ներդրվող համակարգի պարզվեց, որ անձը չի գտնվել ՀՀ-ում և չկան այլ ապացույցներ, որոնք ապացուցեն, որ անձն է քվեարկել, ապա կհամարվի, որ նրա փոխարեն տեղի է ունեցել քվեարկություն: Անկախ նրանից, թե ինչ եզրակացության են հանգելու, բոլոր նման դիմումները, Դավիթ Հարությունյանի խոսքով, ուղարկվելու են իրավապահ մարմիններին:

Այս նախագծով կատարվող կարևոր փոփոխություններից է նաև  ընտրական գործընթացի տեսանկարահանումը:

«Տեսնկարահանման հետ կապված մենք հանգեցինք այն եզրակացության, որ պետությունը չի կարող այդ գործառույթը վերցնել իր վրա՝ նման գործիքակազմ չունենալու պատճառով: Ֆորմալ առումով լուծումը հետևյալն է, որին համաձայնել են հինգ կուսակցությունները: Ֆորմալ առումով գնումն իրականացվում է կառավարության անունից: Այսօր գնումների կազմակերպման գործըթնացում երկու կարևոր մարմին է գործում՝ մեկը գնումների կազմակերպման պատասխանատուն, մյուսը՝ գնահատող հանձնաժողովը: Պայմանավորվածություն կա, որ այդ երկու լիազորությունները վերապահվելու են համատեղ եռակողմ հանձնաժողովի, որը ստեղծվելու է հավասար ներկայացուցչությամբ՝ քաղհասարակություն, ԱԺ ընդդիմադիր ուժեր և իշխանություն: Հենց այդ հանձնաժողովն է, որը լիազորվում է իրականցնել գնումը: Տեսանկարահանումը պետք է իրականացնի մասնագիտական մարմինը՝ հանրապետության ողջ տարածքում՝ ապահովելով նաև ուղիղ հեռարձակում: Ինչպես նաև տեսանկարահանման արդյունքների արխիվացում պետք է արվի, այն հաշվարկով, որպեսզի ցանկացած շահագրգիռ անձի տրամադրվի համպաատսխան նյութ՝ արժեքը փոխհատուցելու պայմանով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Այս նախագծով նաև լրացուցիչ մեխանիզմ է սահմանվելու, որը վերաբերում է ժամանակակից հեռախոսների համար համապատասխան ծրագրային հավելված ստեղծելուն: Դա հնարավորություն է ընձեռելու բոլոր նրանց, ովքեր մասնակցում են ընտրության ամփոփման նիստին, որպեսզի կարողանան հեշտ ձևով ֆիքսել արդյունքները: Այս ծրագրային հավելվածի տեխնիկական առաջադրանքը ևս ստեղծելու է նույն եռակողմ հանձնաժողովը:

Նա նաև նշեց, որ այս փաթեթից բխող մի քանի փոփոխություններ են արվել նաև Քրեական օրենսգքրում, որը կից ներկայացված է քննարկման: