Դեֆոլտի վտանգ չեմ տեսնում. Վահրամ Բաղդասարյան

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 15:45
«Իրոք, մենք ունենք մտածելու խնդիր, որ մեր տնտեսության իրավիճակը բարելավենք, բայց դեֆոլտի վտանգ ես չեմ տեսնում այսօր»,- խորհրդարանում լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով Լևոն Տեր-Պետորսյանի՝ տնտեսության վերաբերյալ մտահոգիչ գնահատականներին:

Նա նշեց, որ տարիներ շարունակ դեֆոլտի վերաբերյալ շահարկումներ են եղել, տարբեր հայտարարություններ, բայց մեր տնտեսությունը դեֆոլտի չի գնում, դա Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից խիստ գնահատական է:

«Իհարկե, եթե մենք ճիշտ ռազմավարություն չվարենք, կարող է տարիներ հետո նման խնդրի առաջ կանգնենք»,- հավելեց Բաղդասարյանը:

Ինչ վերաբերում է արտաքին պարտքի մեծ բեռին, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց, որ այն թույլատրելի սահմանում է:

«Կարող եք համեմատություն անել տարածաշրջանի մյուս երկրների հետ, և ես նորմալ եմ համարում այդ չափը: Արտաքին պարտքի բեռի մեծացմանը զուգահեռ մենք պետք է կարողանանք այնպիսի մոտեցումներ ցուցաբերել, որ աստիճանաբար կարողանանք թեթևացնել պարտքը»,- հավելեց նա:

Ամենաընթերցվածը