Տեր-Պետրոսյանը հասա՞վ նպատակին

    • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 14:26
ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հոկտեմբերի 17-ին լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանել է ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի օրերս արած հայտարարությունը, որով Տեր-Պետրոսյանը թատերական էր որակել ընտրական գործընթացի բարեփոխման իշխանության քայլը:

Զուրաբյանը հայտարարել է, որ ՀԱԿ առաջնորդը նկատի չի ունեցել 4+4 ֆորմատը, որով քննարկվել է Ընտրական օրենսգիրքը, այլ նկատի է ունեցել ԿԸՀ կազմի նշանակումն ու ՏԻՄ ընտրությունը:

Առաջին անգամը չէ, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հրապարակային հայտարարություններով բավական անհարմար վիճակի մէջ է դնում իր կուսակիցներին: Տեր-Պետրոսյանը հայտարարում է, իսկ նրանք հետո ստիպված են լինում դուրս գալ լրագրողական հարցերի տակից:

Լեւոն Զուրաբյանն էլ հայտնվել է անհարմար վիճակում: Բանն այն է, որ Ընտրական օրենսգրքի քննարկումների 4+4 ձեւաչափում ստորագրված համաձայնությունը նա որակել էր պատմական, թերեւս չմտածելով, որ մի քանի շաբաթ անց Տեր-Պետրոսյանը ընտրական բարեփոխումների գործընթացը որակելու է թատերական: Ավելին, 4+4-ի մասով, իշխանության ներկայացուցիչներից մեկը` կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար Դավիթ Հարությունյանը, հատուկ շնորհակալություն էր հայտնել Լեւոն Զուրաբյանին` համաձայնության իր ջանքի համար:

Երբ այդ ամենից հետո Տեր-Պետրոսյանը խոսում է թատերականության մասին, փաստացի ստացվում է, որ թատրոնում մեծ դեր է ունեցել նաեւ Լեւոն Զուրաբյանը:

Բնական է, որ նա առնվազն այդ պատճառով պետք է հայտարարի, որ Տեր-Պետրոսյանը նկատի չի ունեցել 4+4 ֆորմատը, այլ ԿԸՀ կազմն ու ՏԻՄ ընտրությունները:

Դա մոտավորապես նշանակում է, որ գնահատես ֆուտբոլի թիմի ընդհանուր խաղը, բայց հետո հայտարարես, որ գնահատականդ չի վերաբերել պաշտպանությանն ու կիսապաշտպանությանը, այլ վերաբերել է միայն հարձակման գծին:

Չէ՞ որ այդ դեպքում պետք է հստակ շեշտել, որ խոսքը մեկ առանձին վերցրած օղակի մասին է, ոչ թե ընդհանուր թիմի: Զարմանալի է, որ տեքստային եւ հռետորական աշխատանքում առանձնահատուկ բծախնդիր եւ նրբանկատ Տեր-Պետրոսյանը թույլ է տալիս կարեւոր հարցում այդպիսի մի ընդհանրացում, չնկատելով, կամ ուշադրություն չդարձնելով, որ դրանով անհարմար վիճակի մեջ է դնելու իր կուսակիցներին:

Թե՞ ՀԱԿ առաջնորդը այդպես վարվել էր ոչ թե անուշադրության հետեւանքով, այլ հակառակը` նրբանկատությամբ, անելով ձեւակերպում, որը հետո կտար իր կուսակիցներին այն ազատ մեկնաբանելու եւ ըստ հարմարության վերաձեւելու հնարավորություն:

Առավել եւս բավական ակնառու էր, որ հայտարարության գլխավոր խնդիրն ընտրական բարեփոխման գործընթացը գնահատելը կամ որակելը չէր, այլ ազդարարելը, որ ապրիլից հետո իշխանության հետ բավական զուսպ եւ կառուցողական հարաբերության մեջ մտած ՀԱԿ-ը կարող է վերադառնալ արմատական կեցվածքի:

Թե հատկապես ինչու էր առաջացել այդ հաղորդագրության անհրաժեշտությունը, ասելն իհարկե բարդ է: Բայց, հավանական է, որ Տեր-Պետրոսյանն այն արել է մի քանի ակնկալիքով, տարբեր ուղղություններով, այդ թվում արտաքին: Հատկանշական է, որ նրա հայտարարությունն արվել է Երեւանում ՀԱՊԿ Վեհաժողովի, ինչպես նաեւ Եվրասիական ինտեգրացիայի միջազգային համաժողովի նախօրեին:

Բացառված չէ, որ ակնկալիքներն ու նպատակներն այնպիսին են, որ դրանց համեմատ սեփական կուսակցին անհարմար դրության մեջ դնելը մեծ հոգս չէ: Չի բացառվում նաեւ, որ ակնկալիքների եւ նպատակների մեծ մասը հայտարարությամբ արդարացված են, ինչից հետո էլ արդեն Զուրաբյան Լեւոնը «մեղմացնում» է Լեւոն Տեր-Պետրոսյանին: