Նման ԱԺ-ն շռայլություն է

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 14:10
Անկախացումից հետո անցած քառորդ դարում իշխանության գործադիր թևը պարբերաբար փոխվել է մի շարք պատճառներով և հանգամանքների բերումով:

14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանը ժառանգել է ծանր տնտեսություն, և իրոք չկա կախարդական փայտիկ տարիներով չլուծված ու կուտակված հիմնահարցերը այսօր լիովին լուծելու համար:

Ամբողջությամբ կենտրոնանալով գործադիր մարմնի գործունեությանը և գործողություններին, ինչ-որ տեղ աչքաթող է արվել օրենսդիր մարմնի նկատմամբ ուշադրությունը:

Այս օրերին գործադիրը գնում է ծախսերի և անարդյունավետ կառույցների՝ ԾԻԳ-երի ու ՊՈԱԿ-ների կրճատման, իսկ օրենսդիրը մնացել է նախկին հանգրվանում:

Պետության համար առանձնակի կարևոր նշանակություն ունեցող Ազգային ժողովը երբևէ չի լուծարվել իր անարդյունավետ աշխատանքի համար: Փորձ չի արվել գնահատելու ԱԺ-ի բուն աշխատանքը՝ օգտակար գործողության գործակիցը: Չի կարևորվել այն փաստը, որ ԱԺ-ի կողմից հաճախ ընդունված օրենքները պարզապես չեն աշխատել, և ստիպված կարճ ժամանակ հետո գործի է դրվել գործող օրենքի «ի լրացում», «ի փոփոխություն» ձևակերպումը:

Դատարկ դահլիճում առանց լուրջ քննարկման ընդունած օրենքները գործնականում դարձել են փորձություն և ինչ-որ տեղ պատուհաս:

ԱԺ-ը դարձել է տաքուկ տեղ բարեկեցիկ կյանքով ապրելու և գերդաստան պահելու համար: Պատգամավորները շրջագայությունների համար փոթորկվում են՝ թե ո՞վ, ո՞ւր գնա, իսկ ԱԺ-ում պատահաբար հայտնվելու դեպքում դրսևորում են հասարակության շահերից շատ հեռու գործելակերպ: Այն բառապաշարը, որով խոսում են պատգամավորները, պատկերավոր է դարձնում, թե ինչ ընտրություն է կատարվել և ովքեր են հայտնվել ԱԺ-ում:

Կարծում եմ, եթե գեթ մեկ անգամ ԱԺ-ը լուծարվեր և հրավիրվեր արտահերթ ընտրություններ, պատկերը կլիներ առավել հուսադրող:

Պատգամավորների անձեռնամխելիությունը նրանց դարձնում է անբռնազբոսիկ պահվածքի տեր, իսկ հետկանչման գործընթացի բացակայությունը բերում է ամենաթողության:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ