Ընտրակեղծիքների կես միլիոն պաշարը խաղից դուրս ենք հանում. Լևոն Զուրաբյան

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 13:43
«Լևոն Տեր-Պետրոսյանը բացարձակապես մտադրություն չուներ խոսել այն համաձայնագրի մասին, որը ձեռք ե բերված 4+4+4 ֆորմատով: Իր ասածը վերաբերում էր բացարձակապես Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս վարկաբեկված կազմի նշանակմանը, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում կեղտոտ ու կոռումպացված ընտրությունների անցկացմանը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից ընտրական բարեփոխումները թատերական որակելուն:

Հարցին, թե իրենք հույս ունեն, որ այս համաձայնության շրջանակներում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրական գործընթացը բարելավվելո՞ւ է, Զուրաբյանը պատասխանեց, որ եթե կան միամիտներ, ովքեր կարծում էին, որ համաձայնագիր ստորագրելով իշխանություններն այսուհետև լինելու են հրեշտակներ, որոնց միակ նպատակն է լինելու Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը, ստիպված է այդ միամիտներին հիասթափեցնել:

«Նման բան չի լինի, այդ համաձայնագրին իշխանությունները գնացել են ոչ թե որովհետև հրեշտակներ են, այլ գնացել են, որովհետև եղել է լուրջ քաղաքական աշխատանք և ճնշումներ ընդդիմության, հասարակության, միջազգային հանրության կողմից: Մենք այս գործելաոճը պետք է շարունակենք, ոչ մի քայլի դեպքում մենք չենք կարող մտածել, որ այս քայլով ապահովվում է ազատ ու անաչառ ընտրությունների անցկացում: Մենք քայլ առ քայլ պետք է գնանք առաջ և Հայաստանում պարտադրենք ազատ ու արդար ընտրությունները»,- ասաց նա:շ

Հարցին՝ եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին այսօր, ընդդիմությունը հաղթելու շանս կունենա՞ր, նա պատասխանեց. «Դուք նկատի ունեք այս արատավոր, կոռումպացված համակարգում, թե՞ ներառյալ տեսախցիկների տեղադրումը և ստորագրված ցուցակների հրապարակումը: Դա արդեն լրիվ այլ վիճակ է: Մինչև հիմա Հայաստանում գործել է համակարգ, երբ անգամ ընտրակաշառքի բաժանումից և վարչական ռեսուրսների կիրառումից հետո, երբ արդյունք չի եղել, այսինքն՝ միևնույն է, ընդդիմությանը հաջողվել է մոբիլիզացնել ժողովրդին, ընտրությունները բարձրացնել քաղաքական մակարդակի, այդ դեպքում իշխանությունը միացրել է իր ոսկե պաշարը՝ կես միլիոն կեղծիքներ, ուռճացված ցուցակների գործի դնում, ուրիշի փոխարեն քվեարկություն և այլն: Այսինքն՝ որևէ շանս չի եղել: Եթե այս պայմանավորվածությունները գործեն, նշանակում է, մենք ընտրակեղծիքների այս կես միլիոն ոսկե պաշարը խաղից դուրս ենք հանում: Իսկ եթե խաղից դուրս ենք հանում, այդ դեպքում ընդդիմության առաջ մնում է մեկ խնդիր՝ կարողանալ, ինչպես դա եղավ սահմանադրական հանրաքվեի ժամանակ, այլ դեպքերում, քաղաքականացնել ընտրությունը, հասնել ժողովրդական մոբիլիզացիայի»:

Լևոն Զուրաբյանի խոսքով՝ գլխավոր խնդիրը դառնում է այն, որ ընտրությունները բարձրացվեն այդ քաղաքական մակարդակի:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը չբացառեց նաև ընդդիմադիր մյուս ուժերի հետ միանալու, համագործակցելու հնարավորությունները: Նա չհամաձայնեց դիտարկմանը, որ ընդդիմությունը ջախջախված է գնում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Նա նշեց, որ միասնականությունը լավ բան է, բայց դա չպետք է լղոզի կամ բարդացնի ընդդիմության վճռական և արդյունավետ գործելու կարողությունը:

«Միասնականության հասնելու երկու տարբերակ կա, մեկն այն է, որ քաղաքական ուժերը միավորվեն, բայց այդ դեպքում պետք է փոխընդունելի լուծում գտնել: Մյուս տարբերակն այն է, ինչու չէ, մենք տեսնում ենք այդ տարբերակը, որ Հայ ազգային կոնգրեսը դառնա մի պլատֆորմ, որտեղ բոլոր քաղաքական ու հասարակական նախաձեռնությունները, առանձին անհատներ կարողանան իրենց դրսևորել: Այդ միավորումը կարելի է փորձել մեկ կուսակցության շրջանակներում իրագործել: Այս երկու տարբերակներն էլ ընդունելի են ու հետաքրքիր, առաջին տարբերակով կուսակցությունների կոնսուլտացիաներ կարող են տարվել՝ միասնական դաշինք ստեղծելու համար: Այս պահին կոնսուլտացիա չկա, բայց պետք է շուտով սկսել այն»,- հավելեց նա՝ խուսափելով անուններ հնչեցնել, թե որ ուժի հետ են պատրաստ դաշինք կազմել: