Աղքատության դեմ պայքարի միջազգային օրը՝ աղքատության ճիրաններում գոյամարտող ընտանիքներում

  • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 13:16
Թեև տարին տասներկու ամիս է «Շիրակ կենտրոնը» պայքարում աղքատության դեմ, սակայն այս օրերին կազմակերպության կողմից իրականացվող բարեգործական ձեռնարկները նվիրեցինք հենց այս օրվան: Այն ինչին ականատես են լինում, «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները, աղետի գոտու տնակային ավաններում, ուր հարյուրավոր ընտանիքներ, միայնակ տարեցներ և երեխաներ ամենօրյա գոյամարտ են մղում ծայրահեղ աղքատության ճիրաններից ազատվելու համար:

1.   Տնակային ավաններում բնակվող ընտանիքներին, մոտալուտ ձմռանը փոքրիշատե ջերմություն պարգևելու նպատակով, «Շիրակ կենտրոնի»` «Ձմռան վառելափայտ դոմիկներում բնակվող 1000 ընտանիքներին. 2016-2017 թթ.» բարեգործական ամենամյա ձեռնարկը սկսելուց առաջ փորձեցինք մի փոքր ուսումնասիրություն կատարել, պարզելու համար, թե ինչպես են նրանք նախապատրաստվել և արդյո՞ք ձեռք բերել են վառելափայտ և ինչպես են դիմագրավելու ցրտաշունչ ձմռանը: Տասնյակ ընտանիքների համար  վառելիքի հայթայթման վայրերը հիմնականում աղբանոցներն ու քաղաքի ծայրամասային թփուտներն են: Կուտակել են ձեռքերն ընկած իրերը` պլաստիկ շշեր, թուղթ, հնամաշ շորեր և կոշիկներ, անվադողեր: Այս պատճառով տնակային ավաններում ձմռան ամիսներին ծխնելույզներից թափվող ծխից կարելի է շնչահեղձ լինել: