Դավիթ Լոքյանը պատռել է ԵՏՄ դիմակը

    • Ներքին կյանք - 17 Հոկտեմբերի 2016, 12:56
Տարածքային զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Դիլիջանում մասնակցել է «Դիլիջանը երկու տարի անց» քննարկմանը, որ տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին եւ որի ընթացքում քննարկվել են Դիլիջան խոշորացված համայնքի զարգացման հեռանկարները:

Այդ քննարկմանը Լոքյանը հայտարարել է, որ Դիլիջան համայնքում կատարվելու է 4 միլիոն դոլարի ուղղակի ներդրում: Այդ համատեքստում, նա արել է բավական ուշագրավ մի հայտարարություն: «Համոզված եմ, որ այդ ծրագրերը մեծ թափ են հաղորդելու Դիլիջանի զարգացմանը: Դրան նպաստելու են Եվրամիության երկու խոշոր ծրագրերը: Մեկով տրանսպորտային խնդիրներ են լուծվելու, մյուսով Դիլիջանը տուրիստական գոտու է վերածելու: Ծրագիրն իր մեջ ներառում է հատուկ մեքենաներով շրջագայություն Դիլիջանի պարկում, էքստրեմալ զբոսաշրջության ձեւերի զարգացում, գյուղական համայնքներում տուրիստական կենտրոնների ստեղծում», ասել է Լոքյանը:

Ինչն է ուշագրավ Լոքյանի հայտարարության մեջ: Բանն այն է, որ այդ հայտարարությունը փաստորեն հնչել է այն ժամանակ, երբ գրեթե զուգահեռ Երեւանում կազմակերպված է եղել ինչ որ հայ-ռուսական միջռեգիոնալ գործակցության ժողով, եւ ինչ որ եվրասիական ինտեգրացիայի միջազգային համաժողով:

Դրա ընթացքում խոսվել է հայ-ռուսական, եվրասիական տնտեսական հեռանկարների մասին, կամ ավելի ճիշտ կլինի ասել` պատմվել են այդ մասին հեքիաթներ: Դրանց մասնակցելու համար Երեւան ժամանած ռուսաստանցի չինովնիկները ծաղրել են իրենց հայաստանցի պաշտոնակիցներին, ասելով, թե ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսությունն արձանագրում է տպավորիչ առաջընթաց եւ զարգացում:

Ընդ որում, հետաքրքիր է, թե ինչպես է այդ հայտարարություններին վերաբերել Հայաստանի նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը, որի առաջին հայտարարություններից մեկը եղել է այն, որ Հայաստանի տնտեսության վիճակը չափազանց ծանր է:

Ընդ որում, դա այն դեպքն է, երբ Հայաստանի պաշտոնյայի հայտարարությունը լիովին վստահելի է: Պարզապես խիստ հատկանշական է, որ ռուսաստանցի պաշտոնյաները փաստորեն համառորեն պնդում են հակառակը: Թեեւ, հասկանալի է այդ պնդումների բուն նպատակը: Նախ, նրանք իհարկե պետք է ատամներով պաշտպանեն ԵՏՄ «շահավետությունը», իսկ բացի այդ էլ, սկած Պուտինից, մինչեւ նրա խորհրդական Գլազեւը, պնդում են Հայաստանի տպավորիչ աճի մասին, պաշտոնական Երեւանին այդպիսով հասկացնելով, որ Ռուսաստանից ու ԵՏՄ-ից ներկայում չպահանջեն ավելին:

Ահա այդ ֆոնին, Դավիթ Լոքյանը հայտարարում է, որ Եվրամիությունը աջակցելու է Դիլիջանի զարգացման կոնկրետ ծրագրերի: Եվրամիությունը, ոչ թե Եվրասիական կոչվող միությունը, որին անդամակցում է Հայաստանը: Ընդ որում, որին անդամակցելու համար Հայաստանը Եվրամիության հանդեպ ցուցաբերել է պարզապես ամոթալի պահվածք, սեպտեմբերի 3-ի դրվագում:

Բայց Հայաստանը զարգացնող ծրագրեր շարունակում է իրականացնել Եվրամիությունը, եւ ուղղակի ներդրումների մասին Դավիթ Լոքյանի հայտարարությունն այդ իմաստով ոչ այլ ինչ է, քան Եվրասիական հեռանկարների սնանկության ու եվրոպական քաղաքակրթության հետ գործընկերային հեռանկարների գրավչության մասին անուղղակի խոստովանություն, որ կատարվում է Հայաստանում եվրասիա-ռուսական ճամարտակությունների համար կազմակերպված հերթական ժողովների ֆոնին:

Այդ ամենը ուղղակիորեն վկայում է, վերահաստատում, որ Հայաստանի զարգացման խնդիրը տնտեսական ու քաղաքական չէ, Հայաստանի զարգացման խնդիրն առաջին հերթին եւ գլխավորապես քաղաքակրթական է, որը չլուծելու պարագայում, կամ որը լուծումների ու ելքերի փնտրտուքի առանցքում չդիտարկելու պարագայում չի ստացվելու որեւէ խորքային ու հեռանկարային տնտեսական կամ քաղաքական էֆեկտ:

Ամենաընթերցվածը